Կրակի գոտում հրետանավորներն են: Հոկտեմբերի 19-ն իրենց օրն է, բայց Հադրութում անզիջում պայքարում են թշնամու դեմ:
Ռոբերտ Աբրահամյանը նոր է զինվորական համազգեստը հանել: Նշանառու օպերատորն ասում է՝ դաժան պատերազմ են տեսել, բայց հաղթելու հավատը երբեք չեն կորցրել: Կրակային դիրքը հրետակոծելու ժամանակ հրաշքով է ողջ մնացել, իրեն փրկած սաղավարտը՝ տուն բերել:
Ռոբերտ Աբրահամյան (պատերազմի մասնակից) - Հելա որ թիվը դնեմ, էս կասկես կպավ էլի: Սնարյադի ձայնը լսի, չհասցրի թաքնվեմ, կպավ, գցեց մի յանի վրա, բայց կասկեն փրկեց, էլի, կյանքս: Էս ասկոլկեն էլ բերել եմ հուշ, որ ամեն անգամ նայեմ, հետ էթամ էդ օրերը: էս ասկոլկից հետո լիքը բան փոխվեց, որ արդեն պատկերացնում էի, որ կարա մի ակնթարթ գա, որ էլ չլինեմ:
Պատերազմի մասին պատմություններում չի սիրում զինվորին միայնակ ներկայացնել: Մարդկային գործոնն իհարկե կա, բայց իր գործողությունների գլխավոր դերակատարը՝ հրանոթն է համարում: Հադրութում ու Մարտունիում մարտկոցը դիպուկ կրակով տանկեր ու մարտական դիրքեր է խոցել։ Խիզախ հրետանավորը «Մարտական ծառայության» մեդալակիր է:
Ռոբերտ Աբրահամյան - Շտաբի պետն ա, զամպալիտն ա, մեր հրետանու պետն ա ինքը: Մեր մարտկոցի անունը Սնայպեր էին դրել: Շատ անգամներ ա եղել, ուրիշ դիվիզիոններ չեն կարացել խոցեն, մեզ են տվել, մենք ենք խոցել էդ ամեն ինչը:
Արել են այն, ինչ պետք է անեին: Թե ինչ են տեսել ու ինչի միջով անցել՝ գիտեն միայն իրենք: Անսովորը՝ սովորական դարձրել ու կռիվ տվել՝ հանուն կյանքի:
Ռոբերտ Աբրահամյան - Կռվի ժամանակ ընենց իրավիճակ էր, որ ամեն ինչն էլ պատկերացնում էինք, բայց առաջինը մտածում էինք մեր կյանքը փրկելու մասին, էն որ ամեն հնարավոր բան անեինք, որ չզոհվեինք, որովհետև էդ մենակ մեր կյանքը չի, մեզնով լիքը մարդիկ են ապրում:
Ռազմաճակատում 15 օր կռվելուց հետո միայն մայրն իմացել է, որ տղան կռվի դաշտում է: Տիկին Արաքսն ամեն ինչ կտար որդու աչքերում պատերազմի հետքը չտեսնելու համար:
Արաքս Ասատրյան (Ռոբերտ Աբրահամյանի մայրը) - Կա էդ դառնությունը, կորուստը, տխրությունը: Իրա աչքերի մեջ շատ բան կա, ինքը ճիշտ ա՝ չի արտահայտվում, բայց շատ բան կա, ես մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ ինքը հետ ա էկել: Սենյակի դուռը բացում եմ, ինքը հանգիստ պառկած ա, բայց քնած չի:
Իր հետ բերել է նաև անբաժան քնապարկը: Հրաժեշտից առաջ հրամանատարն է նվիրել:
Ռոբերտ Աբրահամյան - Եկել էի, մի երկու-երեք օր տան մեջ սրա մեջ էի քնում: Կապնվել եմ հետը:
Պատերազմի ընթացքում զորացրվելու մասին գրեթե չեն մտածել: Հրանոթի ձայներին զուգահեռ ուղեղներում միայն մեկ միտք էր՝ որ պատերազմը շուտ ավարտվի:
Ռոբերտ Աբրահամյան - Զինադադարն ավելի ուրախալի լուր էր, քան զորացրման լուրը, որովհետև մենք ավելի շատ սպասում էինք զինադադարին, քան մեր զորացրվելուն: