Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության այբուբեն. իմ հայկական այբուբենը» հոդվածները, որոնցում ներկայացվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և այդ շրջանակում առանձնացող ինքնատիպ դրսևորումները (տե՛ս՝ էջ 101-111), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությանը վերաբերող ակնարկներ (տե՛ս՝ էջ 33-36)։
Հայկական ստվերների թատրոնի մասին պատմող հոդվածում անդրադարձ է արվում ժողովրդական թատրոնի այդ տեսակի պատմությանը, ձևավորման ընթացքին և արդի զարգացումներին։ Հայոց այբուբենին նվիրված հետաքրքրական հոդվածը ներկայացնում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիրը: Այն անցկացվում է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ցուցադրությամբ՝ ունկնդիր աշակերտի ուշադրությունը հրավիրելով «Հայոց այբուբեն» հատվածին, որը բացահայտում է յուրահատուկ ոճով ու գույներով առանձնացող թռչնատիպ տառերի զարմանահրաշ աշխարհը։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.-ից և ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներին` այդ համագործակցությունը դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության տարածման և միջազգային հանրահռչակման լայն հնարավորություն։
(Նշյալ պարբերականին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3oAZtUv):