Քուվեյթում Հյուսիսային Կորեայի դեսպանի նախկին պաշտոնակատարի կարծիքով՝ Կիմ Չեն Ընը չի հրաժարվի իր միջուկային զինանոցից, բայց կարող է բանակցել սպառազինության նվազեցման շուրջ՝ Փհենյանի տնտեսությունը խեղդող միջազգային պատժամիջոցներից ազատվելու համար:
Հարավային Կորեա փախուստից մեկ տարի հետո նախկին դիվանագետ Ռյու Հյոն Վուն CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «Հյուսիսային Կորեայի միջուկային հզորությունը ուղղակիորեն կապված է ռեժիմի կայունության հետ», և Կիմ Չեն Ընը, հավանաբար, կարծում է, որ միջուկային զենքը նրա գոյատևման կարևոր պայմանն է:
Ռյուի կարծիքով՝ ԱՄՆ նախկին վարչակազմը հայտնվել է անելանելի վիճակում՝ բռնապետական պետության հետ բանակցություններում պահանջելով ապամիջուկայնացում:
«ԱՄՆ-ը չի կարող հետ կանգնել ապամիջուկայնացումից, Կիմ Չեն Ընն էլ չի կարող ընդունել այդ պայմանը»,- հավելել է նա: