Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստը շատերի համար սպասված էր: Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցն այդպես էլ օրակարգ չմտավ: Քննադատությունները շարունակում են նույնը մնալ՝ քաղաքական կամքի բացակայություն և հերթական անգամ մարդու իրավունքների ոչ պատշաճ արժևորում:
Եվրոպայի խորհրդի նիստերի դահլիճն ու միջանցքներն այսքան դատարկ երբեք չէին եղել։ Ամիսներ անց, ի վերջո, թեկուզ և հիբրիդային ձևաչափով անցկացվող լիագումար նիստին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շատ անդամ երկրների պատվիրակություններ ֆիզիկապես ներկա չէին։ Այդուամենայնիվ, լիագումար նիստի թեկուզ սակավաթիվ անդամներով, բայց անցկացումը մեր պատվիրակության անդամները դրական զարգացում համարեցին:
Վլադիմիր Վարդանյան, ԵԽԽՎ-ոմ Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր - Վերջին ամիսներին իզոլյացիայի պայմաններում մենք վերադարձել էինք միջնադարյան ինչ-որ մի իրավիճակի, որտեղ միջազգային մակարդակով շփումը մոտենում էր գրեթե զրոյի և սա որոշակի առումով խնդրահարույց էր միջազգային հարաբերությունների բնականոն վիճակը պահպանելու համար։ Այս տեսանկյունից գովելի է, որ թեկուզ նման պայմաններում, բայց տեղի ունեցավ։ Թե՛ ԵԽԽՎ-ի համար էր արդյունավետ, թե՛ մեր պատվիրակության համար, որովետև գրեթե բոլոր նիստերի ժամանակ հնարավոր եղավ բարձրացնել այն օրակարգային հարցերը, որոնցով եկել էինք։
Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրի մասին բարձրաձայնվեց նիստերի ժամանակ, սակայն հիմնական օրակարգում հարցն այդպես էլ տեղ չգտավ։ Կան մի քանի պատճառներ՝ առաջնայինը 47 անդամ ունեցող ԵԽԽՎ-ում առկա խորքային այլ հարցերն էին, ինչպիսիք են օրինակ Ռուսաստան-Վրաստան կամ Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամային հարաբերությունները։ Եվրոպացի անդամների համար գերիների հարցի՝ օրակարգ չմտնելը և Նավալնու ձերբակալությանը նախապատվություն տալն ավելի քան տրամաբանակ էր։ Խորհրդարանական վեհաժողովն աշխատում է զեկույցների հիման վրա, որոնք պատրաստում են հանձնաժողովի զեկուցողները, այնուհետև հարցն ընդգրկվում է օրակարգ: Նավալնու հարցով զեկույց արդեն կար: Դրանից բացի, կար բանավեճի վեց դիմում և միայն երկուսին տրամադրվելիք ժամանակ:
Ժակ Մեր, ԵԽԽՎ ALDE քաղաքական խմբակցության ղեկավար - Հայ ռազմագերիների մասին զեկույց չկա: Հուսով եմ, որ կողմերը շատ արագ կնախաձեռնեն, և ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը պատշաճ կերպով կփաստաթղթավորեն և կլուսաբանեն իրավիճակը։ Իրավական, քաղաքական և հումանիտար օգնությունը չափազանց կարևոր և արդիական խնդիր է: Հարցն օրակարգային չդարձավ, քանի որ հայ գերիների խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվող միակ միջոցը ընթացիկ գործերի քննարկումն էր: Տեղի ունեցավ կոնսենսուս` անդրադառնալ այն հարցին, ինչը ներկայում ամենաշատ քննարկվողն է Եվրոպայում, որպեսզի խորհրդարանական վեհաժողովը պատասխաններ տա եվրոպացի քաղաքացիների բանավեճին:
Թեպետ ԵԽԽՎ-ի հիմնադրման առանցքային արժեքներից մեկն էլ մարդու իրավունքներն են, այդուամենայնիվ, կառույցում քաղաքական մոտեցումները գերակշռում են։ Մեր հարցին, թե արդյոք նման մոտեցումները հարցականի տակ չե՞ն դնում կառույցի արժանահավատությունը, ԱԼԴԵ քաղաքական խմբակցության ղեկավարը պատասխանեց՝
Ժակ Մեր - Կարծում եմ, որ Եվրոպայի համար արժանահավատությունը նույնը չէ, ինչ Հայաստանի հանրային կարծիքի համար: Եվրոպայի համար, եթե մենք չզբաղվեինք Նավալնու թեմայով, դա կընկալվեր որպես շատ մեծ ձախողում՝ չնայած բոլոր ինստիտուտները պաշտոնապես դիրքորոշում արդեն հայտնել են։ Հայաստանի մասով կա չափազանց հրատապ մարդասիրական խնդիր: Չեմ կարծում, որ այստեղ քաղաքական բանավեճն է հումանիտար հարցի լուծումը: Հումանիտար հարցը պետք է անհապաղ լուծվի: Մենք այն տեղում չենք, որտեղ գտնվում ենք արտակարգ գործողությունների համար: Շտապ գործողությունը բանավեճն է, սակայն բանավեճը գործառնական պատասխան չէ: Մյուս կողմից, մենք ունենք բոլոր գործիքները, որպեսզի ադրբեջանցիներին ստիպենք ստանձնել իրենց պարտականությունները:
ԵԽԽՎ Ֆրանսիայի անդամը հույս հայտնեց, որ Ադրբեջանի վերաբերյալ շարունակվող զեկույցները, որոնք բոյկոտում են Բաքվի պատվիրակությունը, շատ արագ կզարգանան և արդյունք կտան։ Իսկ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի համոզմամբ՝ գերիների հարցում տեսանելի արդյունքի հասնելու մեկ լուծում կա։
Պյոտր Տոլստոյ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար - Մենք համագործակցում ենք ՀՀ պատվիրակության հետ և շատ ուշադիր հետևում: Հարցի վերաբերյալ հանդիպումներ ենք ունեցել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակության մեր գործընկերների հետ։ Ըստ մեզ, Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր գերիները պետք է վերադարձվեն։ Բայց, միևնույն ժամանակ, մենք համարում ենք, որ դա պետք է արվի ոչ թե սկանդալների և ճնշումների միջոցով, այլ պետք է Ադրբեջանցի և թուրք մեր գործընկերներին բացատրենք, որ մարդասիրական և մեծահոգի մոտեցումը հենց իրենց վարկանիշի համար դրական կլինի եվրոպացիների մոտ։ Կարծում եմ՝ մեր փաստարկները լսել են և ընկալել։
ԵԽԽՎ-ի օրակարգի ձևավորումն անցնավ տարբեր քննարկումներով՝ բյուրոյում, նախագահական հանձնաժողովում, մշտական հանձնաժողովներում: Քանի որ այս նստաշրջանի գործունեությունը մեկ օրով կրճատվել էր և քննարկվելիք շատ հարցեր կային, հրատապ քննարկման համար բյուրոն ուներ այլ դիրքորոշում։ Սա պայմանավավորված է նրանով, որ ԵԽԽՎ-ն փորձեց խուսափել երկկողմ քննարկման տիրույթ մտնող հարցերից, այսինքն՝ նախընտրեցին քննարկել ավելի թեմատիկ հարցեր։ Այդուամենայնիվ, մեր պատվիրակությունն ստացված արդյունքից գոհ է։
Վլադիմիր Վարդանյան - Սա այն ձևաչափն էր, որի միջոցով Եվրոպայի խորհդրի անդամ բոլոր երկրների խորհրդարաններն իմացան առկա խնդրի մասին։ Ավելին, խոշոր քաղաքական խմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները հարցը բարձրարցրեցին տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ գլխավոր քարտուղարին ուղղված հարցադրումներով, ինչպես նաև Գերմանիայի ԱԳ նախարարին ուղղված հարցերով։
ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ընդունվեց բանաձև, որտեղ հայ ռազմագերիների հարցին անդրադարձ կա։ Այս կառույցի բոլոր բանաձևերն ունեն բարոյաքաղաքական նշանակություն և պարտադիր բնույթ չեն կրում, բայց կարևոր է այլ մարմինների համար, մասնավորապես՝ խտրականության արգելման հանձնաժողովի համար, ինչպես նաև կարող է ուշադրության արժանանալ ՄԻԵԴ-ում։ ԵԽԽՎ-ն ձմեռային հիբրիդային լիագումար նիստի ավարտին որոշում կայացրեց պատրաստել Արցախյան հակամարտության հետևանքների վերաբերյալ զեկույց։ Աշխատանքներն արդեն սկսվել են, զեկույցի վրա աշխատելու է Իռալնդիայից Փոլ Գավանը։