Պատերազմի օրերին հանրությանը կեղծ տեղեկատվություն չի փոխանցվել՝ ասում է այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի գործառույթներն իրականացնող Արծրուն Հովհաննիսյանը: 44 օրվա ընթացքում հանրությանը փոխանցել է բացառապես պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունները: Ունեցել է 400 հրապարակում, որի մի մասը հաղթելու ենք, մյուս մասը՝ վիճակը ծանր է բովանդակությամբ:
Պատերազմի ավարտից և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո քննադատություն էր հնչում, թե իշխանությունը ճշմարտությունը թաքցրել է հանրությունից: Սուր էին հատկապես Արծրուն Հովհաննիսյանին ուղղված մեղադրանքները: Նա պատերազմի գրեթե ողջ ընթացքում ամենօրյա ռեժիմով ճեպազրույցներ էր տալիս՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում: Հովհաննիսյանն ասում է, քանի որ պատերազմը պարտվել ենք, հուզական ֆոնը մեծ է, ուզում ենք անպայման դավաճաններ գտնել՝ հատկապես զինվորականների շրջանում: Շուշի հետ կապված անպատասխան հարցեր ունի նաև Հովհաննիսյանը:
Պատերազմից անցել է 3-4 ամիս, և ինքն ամեն օր ուսումնասիրում է առանձին փաստերը՝ դրվագ առ դրվագ: Միտումնավոր պարտության տանելու խոսակցությունները, ըստ Հովհաննիսյանի, պարզապես անտրամաբանական են:
Նա ընդգծեց՝ մինչև վերջին օրը, որպես զինվորական, պարտավոր էր հավատալ հաղթանակին: Չկա պատերազմ, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, չեն սխալվել և որտեղ տեղեկատվության խզվածք չի առաջացել:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում հրապարակվող քարտեզներին, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ քարտեզում ֆիքսվել են ՀՀ պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կողմից վերջնական կորսված տարածքները: