Այս պատերազմը մեզ ասաց՝ շրջվեք դեպի գիտություն: ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 44-օրյա պատերազմը ստիպեց հասկանալ՝ անվտանգության համակարգում առանց գիտության ներգրավման ժամանակակից պատերազմներ չեն լինում:
Գիտությունը բանակ բերելու, զինված ուժերը հզորացնելու գործում խոչընդոտները պետք է չեզոքացնել: Ազգային ժողովում այսօր կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչները, նաև գործադիրի ու օրենսդիրի անդամները քննարկում էին ոլորտի բացթողումներն ու զարգացման ուղիները: Պատերազմը ցույց տվեց՝ կրթության ու գիտության ոլորտում բազմաթիվ անելիքներ կան:
Այս գործում թե որոնք են առաջնահերթությունները, այսօր հենց այս դահլիճում կորոշեն, սակայն, «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ մի բան հստակ է՝ բանակի արդիականացումն ու ինտելեկտացումը այլընտրանք չունի: Հայրապետյանի խոսքով՝ պետք է գտնել այն ուղիները, որոնք հնարավորություն կտան ապագայում ունենալ ապահով ու անվտանգ պետություն:
Առաջնահերթությունները պետք է վերանայել: Ավելի լուրջ և ինստիտուցիոնալ համակարգման կարիք կա՝ շարունակեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանը այս տեսանկյունից հատկապես կարևոր է համարում Գիտությունների ազգային ակադեմիայի դերը: Նման գիտական կառույց քչերն ունեն, ըստ նախարարի, ներուժը պետք է ճիշտ օգտագործել:
Անելիքները շատ են նաև հայագիտական, լեզվաբանական և սոցիոլոգիական ուղղություններով: Հարևան պետություններն ամեն օր խեղաթյուրում են պատմությունը, քարտեզներն ու անգամ հիմնարար գիտությունները՝ հիշեցնում է Հակոբ Արշակյանը:
Հայաստանում ռազմարդյունաբերության ուղղությամբ վերջին 2 տարում ավելի քան 2.5 անգամ ավելացվել է գիտահետազոտական աշխատանքների համար պետբյուջեից նախատեսված գումարների չափը: Արդյունքում՝ ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ուղղություններով ներուժը մեծ է: Դրանք կիրառվում են ռազմարդյունաբերության ոլորտում: Պատգամավոր Քոչարյանն առաջարկեց դրսում արժեքներ ստեղծող գիտնականներին Հայաստան հրավիրել: Նախարար Դումանյանն էլ նկատեց՝ այն ֆինանսավորմամբ, որը տրվում է գիտությանը, հրաշքներ սպասել պետք չէ:
Անվտանգությունը սկսվում է կրթությունից՝ ասաց նախարարը: Շեշտեց՝ գիտությունը զարգացնելու գործում բարձրագույն կրթություն ստացած կադրերին մոտիվացնելու համար պետք է նախևառաջ նրանց պատշաճ վարձատրության հարցը լուծել:
Քրիստինե Ոսկանյան, «Լուրեր»