Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Պատրոն Դավիթ մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին և նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան։ Քրեական գործը վերաբերում է պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարման հարցում թույլ տված չարաշահումներին։
Ըստ ԱԱԾ-ի՝ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նույն ընկերության տնօրեն Ա․Բ․-ի հետ նախնական համաձայնությամբ, պաշտպանության նախարարության հետ կնքել են պայմանագիր ու պատրավորվել 2018-ի ընթացքում գլխավոր շտաբին մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ։ Պայմանագրի կնքումից հետո, թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, նրանք խաբեությամբ նախարարությանն են մատակարարել 523.մլն դրամի՝ 1.083.000 դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ։ Ըստ իրավապահների՝ այդ կրակոցները, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են պահանջվող հրանոթի կրակոցներին, ավելի կոնկրետ՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին։ Հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։ Կնքված պայմանագրի հիման վրա, ընկերության հաշվին է փոխանցվել 1 մլն 83 հազար դոլար։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին։ Նրան էլ կալանավորելու համար ԱԱԾ-ն դիմել է դատարան։
Դեռևս հունվարի 19-ին «Սիվիլնեթը» գրել էր, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի յուրացման համար։ Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից ՊՆ-ին կատարած մատակարարումներին։ Այդ գործով, ըստ իրավապահների, անցնում են նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաներ։
Գործարար Գալստյանը՝ դեռ նախկին իշխանությունների օրոք, տարիներ շարունակ զբաղվել է զենքի առքուվաճառքով, ըստ մամուլի՝ եղել բանակի հիմնական մատակարարներից մեկը, ունեցել մի շարք օֆշորային ընկերություններ։ Ավելի ուշ Գալստյանը նշանակվել է նաև նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական։ Ըստ հրապարակումների՝ նրա ընկերություններից մեկը Հայաստանում արտադրում է «Կալաշնիկով» ինքնաձիգներ։