Ոստիկանությունը՝ նախարարության համակարգում: Իրավապահ այս մարմինը մոտ երկու տասնյակ տարի անց կրկին վերադառնում է նախկին կառուցվածքին: Առաջիկա ամիսներին ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում էլ գործելու է ոստիկանությունը: Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան նախագծերի փաթեթը: Օրինագիծը կարող է փոխվել, սակայն առանցքը նույնն է լինելու:
Ներքին գործերի նախարարության կազմում է լինելու միանգամից մի քանի կառույց: Բացի ոստիկանությունից նախարարությունն ունենալու է քննչական դեպարտամենտ, ներառելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրը։
Փոփոխությունները միայն կառուցվածքային չեն, վստահեցնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոստանում՝ քաղաքացին կզգա բարեփոխումների արդյունքը:
Ռուստամ Բադասյան /ՀՀ արդարադատության նախարար/. «Էս դեպքում ունենում ենք քաղաքական պատասխանատու՝ նախարար, ով պետք է գնահատի՝ ոստիկանության ակադեմիան ի՞նչ մասնագետներ պետք է պատրաստի, էդ մասնագետները ինչի՞ն պետք է ծանոթ լինի, ինչպես տարբեր ստորաբաժանումները պետք է համագործակցեն՝ ոստիկանության լոբբիստն ա դառնում կառավարությունում»:
Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին ներքին գործերի նախարարի առաջարկով պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ոչ միայն զարգացման ռազմավարություն է մշակելու, այլև հաշվետու է լինելու Ազգային ժողովին:
Ռուստամ Բադասյան /ՀՀ արդարադատության նախարար/. «Ներքին գործերի նախարարը այնքան նախարար է, որքան արդարադատության կամ ֆինանսների նախարարությունը: Եվ այդ առումով ավելի նպաստավոր դաշտ է ստեղծվում: Տարբեր առաջարկներ են եղել, օրինակ, առաջարկվում էր ոստիկանապետի պաշտոնը դարձնել քաղաքական: Բայց դա լավագույն մոդելը չի, լավագույնը մոդելը տարանջատելն է»:
Ոստիկանությունը 2002 թվականից ուղիղ ենթարկվել է վարչապետին, ինչից մշտապես դժգոհել է ընդդիմությունը: Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովին ոստիկանության հաշվետու լինելն անհրաժեշտություն է,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: Երկու տարի առաջ նման օրենսդրական առաջարկով հանդես էր եկել նաև Լուսավորը, սակայն իշխող կուսակցությունն այն ժամանակ մերժեց առաջարկը:
Տարոն Սիմոնյան /ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր/.
«Ինչպես մյուս բոլոր նախարարները, օրինակ, պաշտպանության նախարարը, գալիս է պառլամենտ, և պատասխանում է պատգամավորների հարցերին: Այդ կերպ նաև ՆԳՆ նախարարը, պետք է գա և պատասխանի պատգամավորների հարցերին: Ավելին՝ նրա նկատմամբ անհրաժեշտության դեպքում կարելի է անվստահություն հայտնել, եթե նա լավ չի աշխատում»:
Ներքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի համար նոր կառույց չէ: 1990 թվականից պետական կառավարման համակարգում նման գերատեսչություն գործում էր: Սակայն 2002 թվականին ներքին գործերի նախարարությունը լուծարվեց, ոստիկանությունն էլ առանձնացավ: Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը վստահ է՝ դա ոլորտը քայքայող որոշում էր:
Սուրեն Աբրահամյան /ՀՀ ՆԳ նախկին նախարար/. «Անհոգի, անմտածված, պոպուլիստական մոտեցումներով են վերաբերվել ՆԳՆ-ին: Առավել զգույշ պետք է լինեին, երբ երկիրը գտնվում է չավարտված պատերազմի պայմաններում: ՆԳՆ-կարող էր որոշակի բեռ իր վրա վերցներ այս պատերազմում»:
Սուրեն Աբրահամյանն ընդունում է՝ ոստիկանությունը նախկինում ոչ միայն ընկալվել, այլև եղել է քաղաքական գործընթացներին միջամտող գործոն: Ներկայիս փոփոխությունները կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել այդ ավանդույթը անցյալում թողնելու համար: