Հայաստանում ճանապարհային կանոնների խախտումների չափման միավորը բալն է: 2020-ի հունվարի 1-ից վարորդական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու ընդամենը 9 միավոր տրվեց: Մեկ տարվա ընթացքում համակարգի բացերը ջրի երես դուրս եկան, օրենքները լրամշակեցին ու խորհրդարանը նոր որոշում ընդունեց:
Նախ փոփոխությունների մասին. ծխելու համար 10000 դրամ տուգանքը փոխարինվում է 7000-ով՝ մինուս կես միավոր: Հաջորդը համարանիշների օրենքն է՝ նախկին կարգավորումներով միայն մեկ համարանիշով վարելու դեպքում պատասխանատվությունը 20 հազար դրամ էր:
Արման Չիլինգարյան. /ՀՀ ՃՈ պետի տեղակալ/. «Այսինքն առաջին անգամ եթե պայմանական ասենք անզգուշության հետևանքով առանց համարանիշի վարել են կմնա նույն սանկցիան, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ, ինչը կվկայի նրա մասին, որ անձը չարաշահում է կամ չարամտորեն է կատարում այդ իրավախախտումը, կլինի բարձր պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու տեսքով»:
Ամենաքննարկվող և վարորդներին հուզող հարցը. Ճանապարհային ոստիկանի արձանագրած խախտումների դեպքում միավորներ հանելու համակարգն առայժմ չի կիրառվի: Այս փոփոխությունը հետաձգվել է մինչև 2022-ի հուլիս:
Արման Չիլինգարյան. /ՀՀ ՃՈ պետի տեղակալ/. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն որոշակի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն կտան իրավախախտման վայրում կապ հաստատել իրական ժամանակում համակարգի հետ, ստուգել բալերի առկայությունը, որպեսզի հնարավոր լինի կիրառել պատասխանատվություն: Այդ սարքերի առկայությունը և պարեկային ավտոմոբիլների կահավորանքը կապված է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության ներդրմամբ, որի վերջնաժամկետը նախատեսվում է 2022 թվականին»:
Կարգ ու կանոնի պատասխանատուն՝ խստությունն է: Տուգանային միավորների գաղափարը լավն է, բայց այն ունի խիստ կետեր, - վստահ է վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովը:
Արտակ Խաչատուրով. /Վարորդների իրավապաշտպան/. «Եկեք արձանագրենք մի փաստ՝ վարում են էնքան վարորդ, որոնք մի կամ երկու տարի առաջ էին վարում, տուգանվում են էնքան վարորդ, ինչքան մեկ կամ երկու տարի առաջ, տուգանում են էն քանակի, ինչքան մի տարի առաջ, վթարները էն քանակի են, ինչքան մի տարի առաջ: Այսինքն ստատիստիկայում ոչ մի բանի նվազում չկա»:
Այն, որ օրենքը թերի է, ճանապարհային ոստիկանությունում համամիտ չեն: Արձանագրում են, սակայն, որ ամբողջական կիրառման դեպքում տուգանային միավորների համակարգն ավելի արդյունավետ կլիներ: Իսկ հակառակը՝ թվերով են ապացուցում:
«Հայաստանում 2020-ին նախորդ տարվա համեմատ 783-ով պակաս պատահար է տեղի ունեցել, վիրավորների թիվը նվազել է գրեթե 1000-ով, սակայն զոհերը շատացել են 7-ով»:
Հիմա՝ Երևանի վիճակագրությունը՝ բալային համակարգի արդյունավետության ավելի ճշգրիտ պատկերով, քանի որ լուսա և տեսա - նկարահանող սարքերի գերակշիռ մասը մայրաքաղաքում է:
«Երևանում 2020-ին նախորդ տարվա համեմատ 618-ով պակաս պատահար է տեղի ունեցել, զոհերի թիվը նվազել է 12-ով, վիրավորներինը՝ 2005-ով»:
Արման Չիլինգարյան. /ՀՀ ՃՈ պետի տեղակալ/. «Երևան քաղաքում միայն 20 թվականին է արձանագրվել Հանրապետությունում գրանցված պատահարների 38.7 տոկոսը, այն պարագայում, երբ տարիներ շարունակ մենք ունեցել ենք 45-50 տոկոսը Երևան քաղաքում: Այսինքն նվազել է նաև տեսակարար կշիռը: Զոհերի պարագայում 348 զոհերից ընդամենը 74-ը կամ 21 տոկոսն են եղել Երևանում, այն դեպքում երբ կրկին Երևանում արձանագրեվել է 40-45 տոկոսի չափով: 20 թվականի ընթացքում արձանագրված 783-ով նվազման դեպքերից 618-ը՝ այսինքն 79 տոկոսը Երևանում է»:
«Հայաստանում 2020-ին տեսախցիկներով ու արագաչափերով արձանագրվել է 1.366.926 խախտում, տուգանային միավոր նախատեսող որոշումները 414.825-ն են, 9 բալը սպառել է 6774 քաղաքացի, 2175 անձի վարելու իրավունքն էլ կասեցվել է»:
Արտակ Խաչատուրով. /Վարորդների իրավապաշտպան/. «Ենթադրվում է , որ առնվազն 2000 մեքենա պիտի պակասի ու ամենակարևորը ոչ միայն մեքենա, այլ առնվազն պոտենցիալ իրավախախտի մեքենա պիտի պակասի, դա մեր երթևեկության վրա շատ մեծ ազդեցություն կունենար փոփոխության վրա, փոփոխություն չկա»:
Իսկ փոփոխություն կլինի, եթե դրանք վերահսկվեն՝ պնդում է Խաչատուրովը: Ճիշտ չէ ասել, թե փոփոխություն չի եղել, բայց նաև արդար չէ համակարգը հաջողված համարել՝ կարծում է վարորդի ընկեր Սերգեյ Ղահրամանյանը:
Սերգեյ Ղահրամանյան. /«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր/. «Թեկուզ մարդը վարորդականից զրկվել է կամ կասեցվել է, ինքը շարունակում է մեքենա վարել, մինչև ոստիկանը պատահաբար չկանգնացնի: Այստեղ մեզ մոտ գալիս ենք էլի վերահսկողության խնդիրներին՝ որտեղ կա տեսախցիկ փորձում են ոչ կոպիտ խախտումներով վարել, որտեղ տեսախցիկ չկա կոպիտ խախտումներ են անում»:
Ղահրամանյանի խոսքով թվերը ցույց են տալիս, որ տուգանային միավորների ձևաչափն աշխատել է Երևանում, բայց Հայաստանը մայրաքաղաքով չի սահմանափակվում: Պետք է ընդլայնել խստության աշխարհագրությունը: Ղահրամանյանն օրինակ է բերում ամրագոտիների հաջողված փորձը:
Սերգեյ Ղահրամանյան. /«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր/. «2009 թվականին, երբ շատ խիստ եղավ մոտեցումը ամրագոտում վերահսկման նկատմամբ, զոհերը նախորդ տարվա համեմատ 80-ով պակասեցին: Սա հստակ ապացույց է, որ երբ դու փորձում ես հստակ վերահսկողություն սահմանել մի գործոնի վրա, կարելի է դրական արդյունքների հասնել»:
Ինչ համակարգ էլ գործի, առաջինը պետք է փոխվի վարորդների մտածելակերպը: Իսկ բալային համակարգի ամբողջական արդյունավետությունն, ըստ Ղահրամանյանի, հնարավոր կլինի գնահատել 2024-ին: