ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է այսօր Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում սպասվող ձյունամրրկի պոռթկման մասին:
«Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։
Կրկին անգամ կոչ ենք անում՝ գյուղամիջյան ճանապարհներով դուրս չգալ այդ հատված և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։
Տեղեկացնենք նաև, որ ԱԻՆ, տարածքային ինքնակառավարման մարմինների, ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա»,- հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։