ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ինչպես խոստացել էր, անդրադարձավ Շուշիի մասին ԱԺ ամբիոնից հնչեցրած իր արտահայտությանը:
«Սա շատ լավ առիթ է՝ ցույց տալու համար, թե այսօր հատկապես Կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում: Վերջին շրջանի աղմկահարույց հարցերից և վերնագրերից մեկը, ինչպես գիտեք, այն մասին է, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ:
Ի՞նչ առիթով է խոսվել այդ մասին: Խոսվել է հետևյալ առիթով, երբ որ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես արել եմ հետևյալ արտահայտությունը: Նախադասությունը մեջբերում եմ ամբողջությամբ. «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես, բանակցային ողջ գործընթացի ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասե՞լ, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»: Եվ ահա այս արտահայտությունն օգտագործելով՝ ոմանք պնդում են արել, թե ես պնդում եմ, թե Շուշին հայկական քաղաք չէ:
Հիմա հարց՝ ինչո՞ւ եմ ես Ազգային ժողովի ամբիոնից այս խոսակցությունն ընդհանրապես բացել: Մի պարզ պատճառով, որովհետև պատգամավորը ինձ հարցրել է հետևյալը՝ ՌԴ նախագահը ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պամաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո: Այսինքն՝ «հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո՝ պատերազմը կանգնեցնելու պայմաններում»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ պատերազմը կանգնեցնելու մասին խոսակցություններ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են, բայց Ադրբեջանը նաև այլ պահանջների շարքում պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ:
«Խոսքն ըստ էության վերաբերում էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու հնարավորության մասին: Այսինքն՝ երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ մի նոր պայման, և այդ նոր պայմանը հետևյալն էր՝ որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թ., այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի: Իսկ այդ ստատուս քվոյի համաձայն՝ 1992 թ. արձանագրության համաձայն, այն, ինչ առաջարկվում էր, ըստ էության, առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշի քաղաքում պիտի լինի 90 և ավելի, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն: Եվ երբ որ սա պարզ դարձավ, շատերը ինձ մեղադրում էին հրապարակային, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել:
Ես էլ այստեղ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանը և այդ արձագանքներին, թե այդ ովքեր են և ինչպես են համարում, որ երբ որ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»,- ասաց վարչապետը՝ հստակեցնելով, որ իր արտահայտությունը քաղաքի ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության:
Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին՝ ընդգծեց վարչապետը:
«Իմ կարծիքով՝ որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո»,- նշեց վարչապետը՝ ցույց տալով, որ տեղի ունեցածը լրատվական մանիպուլյացիայի օրինակ է: