Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Շուշիի մասին Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած իր հայտարարությանը: Փաշինյանը ընդգծեց՝ լավ առիթ է ցույց տալու համար, թե Կառավարության դեմ լրատվական ինչպիսի արշավ է իրականացվում: Վարչապետը մեջբերեց իր խոսքը ամբողջությամբ՝ հիշեցնելով՝ ոմանք պնդում են, թե ինքն ասել է՝ «Շուշին հայկական քաղաք չէ»:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ի՞նչ առիթով է խոսվել այդ մասին: Խոսվել է հետևյալ առիթով, երբ որ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը ինձ հարցրել է հետևյալը՝ ՌԴ նախագահը ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո: Այսինքն՝ «հայկակա՞ն է այդ կարգավիճակով» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո՝ պատերազմը կանգնեցնելու պայմանին:
Հունվարի 20-ին Կառավարության հետ հարցուապատասխանի օրը վարչապետին հարցը ուղղել էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կառավարության ղեկավարը պնդեց՝ պատերազմը կանգնեցնելու մասին խոսակցություններ 44 օրվա ընթացքում եղել են, բայց Ադրբեջանը, նաև այլ պահանջների շարքում, պայման է առաջադրել՝ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյան - Խոսքն ըստ էության վերաբերում էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու հնարավորությանը: Այսինքն՝ երբ մենք արդեն համաձայնել էինք պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ մի նոր պայման, որը Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին էր՝ համաձայն Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի: Առաջարկվում էր, որ մենք արձանագրեինք, որ Շուշիում պիտի լինի 90 և ավելի, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս ադրբեջանցի բնակչություն:
Փաշինյանը հարցի վերաբերյալ մանրամասներ էր ներկայացրել նաև նոյեմբերի 29-ին Ֆեյսբուքում արած գրառմամբ: Ըստ Փաշինյանի՝ Պուտինը զանգել է, փոխանցել պատերազմը կանգնեցնելու Բաքվի պահանջները, որոնց թվում էր նաև ադրբեջանցիների վերադարձը Շուշի: Վարչապետը այսօր ընդգծեց՝ դրանից հետո շատերը իրեն մեղադրում են պատերազմը շուտ չկանգնեցնելու և Շուշին հայկական կարգավիճակով չպահելու համար:
Նիկոլ Փաշինյան - Ես այստեղ արձագանքել եմ ընդամենը, թե այդ ովքեր և ինչպես են համարում, որ եթե Շուշիում լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում: Խոսքը կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության: Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:
Նիկոլ Փաշինյանը ամփոփեց խոսքը՝ կրկին մեջբերելով իր և պատգամավորի հարցուպատասխանը:
Վարչապետ Փաշինյանը եզրակացրեց՝ տեղի ունեցածը լրատվական մանիպուլյացիայի օրինակ է: