Պատերազմի սև թունելում լույսը միմյանց հանդիպելն ու սիրելն էր: Կռվի ու ապագայի հարցականների միջով քայլեցին միասին ու հաղթեցին սիրով:
Նարինե Արզումանյան, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող - Պատերազմի միակ լույսն էր ինձ համար, գուցե պատերազմը չլիներ, մենք էլ չհանդիպեինք իրար:
Նարինեն ու Սերգեյը բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանողներն են, աշխատում են շտապօգնությունում, բայց միմյանց չէին ճանաչում մինչև Արցախյան վերջին պատերազմը: Պատերազմի սկզբին կամավոր համալրեցին սպիտակ բանակի շարքերը: Մեկը Մարտունիի հիվանդանոցում էր, մյուսը՝ հոսպիտալում:
Սերգեյ Արամյան, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող - Ինչքան կարող էինք, դեղորայք հավաքեցինք ընկերներիս հետ, լցրեցինք մեքենան ու գնացինք Արցախ:
Արցախցի Նարինեն ռազմական բժիշկ հորը չթողեց միայնակ գնալ հայրենի Մարտունի: Հերոս տղաների սխրանքների մասին 25 տարի լսած պատմությունները սեփական աչքերով տեսնելու ու նրանց անձամբ օգնելու ժամանակն էր:
Նարինե Արզումանյան - Ես իրեն անկեղծ ասացի՝ պապ, եթե չտանես, առանձին կգնամ, գոնե քեզ հետ գամ:
Առաջին վիրավորին օգնություն ցույց տալը բարդ էր, բայց ստացվեց, արագ սովորեցին պատերազմի կանոնները:
Սերգեյ Արամյան - Վիրակապություններ էինք անում, տեսակավորում էինք, ուղարկում էինք Երևան:
Նարինե Արզումանյան - Բոլորը գիտեին իրենց աշխատանքը, բոլորը գիտեին՝ ով ինչ պետք է անի: Աշխատանից հետո էլ փորձում էինք մի փոքր ուրախանալ: Մարդիկ, որ աչքերով չեն ժպտում, անհնար է իրենց ուրախացնելը, բայց ստացվում էր: Բոլորը լացում էին, բոլորը տխուր էին, բայց կարողանում էինք այնպես անել, որ այդ վախերի մեջ հույսը չկորեր, չմարեր:
Ինքնուրույն շնչել չկարողացող վիրավորներից մեկին հոսպիտալից պետք էր արագ հիվանդանոց հասցնել: Տեղափոխողներից մեկը Սերգեյն էր:
Սերգեյ Արամյան - Շունչ տալով հասցրինք հիվանդանոց ու այնտեղ տեսա Նարինեին:
Նարինե Արզումանյան - Հենց այդ առաջին վիրավորի հետ ծանոթացա նշանածիս հետ:
Տեսան ու այդ օրվանից արդեն անբաժան են: Վիրավորներին օգնելու արանքում րոպեներ էին գտնում միմյանց հուսադրելու, միասին զբոսնելու՝ անգամ ռումբերի անձրևի տակ:
Սերգեյ Արամյան - Ընկերների հետ էինք քայլելուց վերևներս լսեցինք ԱԹՍ-ի ձայնը ու միայն մի բան էր սփսոփում, որ 4 հոգու համար ԱԹՍ-ի ռումբը չեն գցի:
Նման դեպքեր էլ եղան, իրենց կյանքն էլ բազմիցս վտանգեցին, երբ հոկտեմբերի 10-ից շտապօգնության մեքենաներով օրը մի քանի անգամ վիրավորներին Հայաստան էին տեղափոխում: Պատերազմի ավարտին արդեն վստահ էին՝ ընտրել են ճիշտ կես ու ճիշտ մասնագիտություն: Նարինեն ապագա սրտաբան է, Սերգեյը՝ ուրոլոգ:
Պատերզմի ընթացքում փրկած բազմաթիվ կյանքերին արդեն խաղաղ օրերին ավելանում են նորերը: Շտապօգնության ամեն կանչին նոր նշանված զույգն արդեն ավելի հանգիստ է մոտենում՝ պատերազմը շատ բան սովորեցրեց: