Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝ հետխաղային բրիֆինգի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն էր: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին»,- ասել է Սանոսյանը:
Հարցին, որ խաղում էր նույն խաղացողների դեմ, որոնք իր մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում, հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց, պատասխանել է.
«Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում, քան Ռուսաստանի դեմ էր, մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք»: