Ավելի քան 6 տարի հանքարդյունաբերության ոլորտում խաղի կանոնները թելադրել է մեկ ընկերություն: Ըստ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ 2008-2014 թթ. ոլորտի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ հանքերի առուվաճառքով զբաղվել է հիմնականում մեկ ընկերություն:
Գեղամ Գևորգյան (ՏՄՊՊՀ նախագահ) - Որոշակի հանքերի ծավալ ձեռք էր բերվում մեկ ընկերության կողմից, որն էլ օֆշորում էր գրանցված, և այդ ընկերությունը այնուհետև վաճառում էր այլ ընկերությունների:
Խոսքը «Եվրասիա պոլիմետալ քորփորեյշնի» մասին է, որի սեփականատերերը 2008-2014 թթ. ուսումնասիրություններով բացահայտված չեն: Հանձնաժողովի հրապարակած 2020-ի ուսումնասիրությունից արդեն ակնհայտ է դարձել, որ այդ ընկերությունն այլևս գործունեություն չի իրականացնում՝ ասում է Գեղամ Գևորգյանը: Թեև հանձնաժողովի նպատակը չի եղել իրական սեփականատերերի բացահայտումը, սակայն դա ևս արվել է, ինչը կարող է նպաստել ոլորտում մրցակցության կայացմանը: Հանքարդյունաբերության ոլորտի վրա պատերազմի հետևանքները ազդելու են,- ասում է Գեղամ Գևորգյանը,- թե որքանո՞վ՝ դեռ ուսումնասիրում են: Ներկայումս հաշվառված է 871 հանքավայր, 43-ը՝ մետաղական:
Գեղամ Գևորգյան - Հետաքրքրություն են ներկայացնում մետաղական հանքերը, որոնք խոշոր հանքեր են հիմնականում, որովհետև մնացածը այլ հանքեր են, մի հոգու պատկանող հանք հիմա գոյություն չունի: Կան որոշակի փոխկապակցվածություններ շղթայում:
Հանքերի իրական սեփականատերերի բացահայտումից պարզվել է, որ կան մարդիկ, որոնք մի քանի հանքի բաժնետեր են, սակայն Գեղամ Գևորգյանն այս փաստը մրցակցության խնդիր չի համարում:
Գեղամ Գևորգյան - Նույնիսկ եթե մի հոգին ունի մի քանի բիզնես, ինքն իրենով խնդիր չէ, եթե այդ բիզնեսը չի ծառայում մրցակցության սահմանափակմանը, եթե այդ բիզնեսը չի ծառայում թույլտվություններ ձեռք բերելու և հետո վաճառելու գաղափարին:
Ըստ հակամոնոպոլ հանձնաժողովի նախագահի՝ հանքարդյունաբերությունում մրցակցային ու արդար խաղի կանոններ ունենալու համար պետք է վերահսկել հանքերի շահագործման թույլտվությունների հետագա կատարումը: Արդեն հայտնի են հանքերի իրական սեփականատերերը, ինչն ավելի վերահսկելի կդարձնի նաև ընդերքի օգտագործումը: