ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է «Արենի գինու հյուրանոցային համալիրի» ենթակառուցվածքների (գազամատակարարում, էներգոմատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում ) շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ հյուրանոցային համալիրի ենթակայուցվածքներում առկա թերությունները շտկվել են, բացառությամբ՝ գազամատակարարման, որում առկա թերությունները վերացնելու աշխատանքները կիրականացվեն եղանակային բարենպաստ պայմանների առկայությամբ, իսկ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ավարտված աշխատանքները հանձնաժաղովի կողմից ընդունելու ժամկետ է սահմանվել փետրվարի 3-ը:
Մարզետը հանձնարարել է Մ2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների հետ կապված խնդիրների լուծման նպատակով համագործակցել համայնքների ղեկավարների հետ՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրել է մարզ ներկրվելիք գարնանացան սերմացուի քանակի վերաբերյալ տվյալները, ներկրման և բաշխման ժամանակացույցը, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման աշխատանքների ընթացքը:
Մարզպետը գյուղվարչությանը պետին հանձնարարել է գարնանացան սերմացուի ձեռք բերման գործընթացը կազմակերպել արագացված, որպեսզի գյուղացիական տնտեսությունները վարուցանքը հասցնեն ժամանակին կատարել: Կազմակերպել Ջերմուկի հեռագնա արոտավայրերում Ադրբեջանի հետ սահմանի տարածքում սահմանը զատող նշանների տեղադրման աշխատանքները, որպեսզի ամռանը սար բարձրացող անասնապահները պատահմամբ չհայտնվեն մարզի տարածքից դուրս:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրել է, որ պարբերական թարմացվում են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների ցուցակները և ներկայացվում ՀՀ ՊՆ և համապատասխան հիմնադրամներ: Արարատ Գրիգորյանը հանձնարարել է շարունակել կարիքների գնահատման նպատակով տնայցերը և նշված խմբերի մասին տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո արագ ներկայացնել թարմացված ցուցակները և հետևողական լինել՝ ըստ խմբերի պատկանելության՝ պետական օժանդակությամբ հատկացվելիք գումարիների տրամադրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Վարչության պետը տեղեկացրել է, որ մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային պահանջների բավարաման նպատակով գրություններ են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն: ԿԳՄՍ վարչության պետը տեղեկություններ է ներկայացրել դպրոցականների առարկայական օլիմպիադայի անցկացման ընթացքի մասին:
Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետը տեղեկացրել է, որ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերը քննարկվել են և որոշ հայտեր վերադարձվել են՝ փոփոխություններ կատարելու:
Մարզպետը հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետին հանձնարարել է վերահսկել, հողերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ որոշումներ ընդունելուց հետո տվյալ հողերի նպատակային գործածության ընթացքը:
Արարատ Գրիգորյանը կրկին անդրադարձել է Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մարզի տարածքով անցնող հատվածի ձմեռային սպասարկման խնդիրներին: Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք: