Հարձագանք Արցախյան պատերազմի, դրան հաջորդած լրատվական հակամարտության, ինչպես նաև հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:
Ինչպես հայտնում է ՀԲԸՄ կայքը, այս նորաստեղծ նախաձեռնության շրջանակներում կբարձրացվի իրազեկությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը՝ տեղեկատվական այդ հոսքը հասցնելով հանրությանը: ՀԲԸՄ դրամաշնորհի միջոցով կհարստացվի արցախյան թեմաներով հետազոտությունների արժեքավորությունը՝ արդեն իսկ առկա առաջնային նյութերն ու ճշգրիտ տվյալները համալրելով յուրօրինակ հրապարակված աշխատություններով՝ առաջատար հետազոտությունների և առկա այլ հրատարակությունների օգնությամբ:
«Այս դրամաշնորհի ակունքներում գիտելիքի վրա հիմնված ինքնության ձևավորման գաղափարն է»,- ասել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և կրթական հարցերով պատասխանատու Լենա Սարգսյանը: «Դրամաշնորհային ծրագիրը հաստատվել է ամրապնդելու հետազոտական այն հմտություններն ու մեթոդները, որոնք օգնում են հղկել հայկական ինքնությունը և ավելի լավ ընկալել հայկական իրականությունը, բարձրացնել իրազեկությունը և ձևավորել Հայաստանի և Արցախի ճանաչողության հավաստի գիտելիքների ամբողջություն: Մենք ուզում ենք ինքներս տնօրինել և աշխարհին ներկայացնել մեր պատմությունը՝ այն համալրելով որակյալ տվյալներով, ճշգրտված աղբյուրներով և տեղում իրականացված հետազոտություններով, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը»:
Դրամաշնորհն ստանալու համար կարող են դիմել բոլոր սերունդների ուսանողներն ու գիտնականները: Ասպիրանտների, ակադեմիկոսների, հետազոտողների, հետդոկտորական աստիճան հայցողների, անկախ հոդվածագիրների, ազատ լրագրողների և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձանց հայտերը ողջունվում են:
Հետազոտությունը, ի թիվս այլ ուղղությունների, կարող է լինել պատմական և/կամ ժամանակակից աշխատություն, որում կուսումնասիրվեն տարածաշրջանի անցյալի, ներկայի ու ապագայի սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական և բնապահպանական հարցերը: Հրապարակված գործեր կարող են համարվել հոդվածները, զեկույցները, ակնարկները, ինչպես նաև բարձրորակ տեսանյութերն ու փոդքասթները:
Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն: Հայտերն ընդունվում են անգլերեն մինչև 2021 թ. ապրիլի 30-ը:
ՀԲԸՄ արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք այստեղ. www.agbu.org/artsakhgrants: