ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իր հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առթիվ»։
«Նման հայտարարություններ անելուց առաջ խորհուրդ եմ տալիս իրավապաշտպաններին տեղեկությանը լիովին տիրապետելուց հետո նոր հանրայնացնել իրենց կարծիքը:
Իմ հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ուսումնասիրության հիման վրա: Իրավապաշտպաններին տեղեկացնեմ, որ վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020 թ. ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011 թ. 4532 ազատազրկվածների շրջանում արձանագրվել է 37 (0,70%) մահվան դեպք, 2012 թ.՝ 4756-ից 28 (0,58%) և այլն (տե՛ս գրաֆիկական պատկերում):
Այսպիսով, մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020 թ.՝ 2003 ազատազրկվածներից 5 (0,25%) դեպք, որոնցից 2-ի պարագայում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:
Ի դեպ, 2019 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, որոնց ավարտից հետո կկարողանանք տալ գնահատականներ: Վիճակագրության մանրամասները՝ գրաֆիկական պատկերում:
Հ.Գ. Ուսումնասիրության մյուս մանրամասները պատրաստ ենք սիրով տրամադրել իրավապաշտպաններին:
Հ.Գ.2. Կարծում եմ՝ դրական վիճակագրությունը, որոշ դեպքերում, կարելի է զուտ ընդունել ի գիտություն»,- գրել է նախարարը: