«Ես քայլում եմ, շնչում եմ, շարժվում եմ ու միշտ հիշում եմ, որ դրա համար պարտական եմ Իգոր Ոսկանյանին: Ես իմ կյանքով եմ պարտական». երախտագիտության խոսքն ուղղված է ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Իգոր Ոսկանյանին:
Դեպքից շատ ժամանակ չի անցել: Ոստիկանությունում ավազակային հարձակման ահազանգ էր ստացվել. Վանաձորի շենքերից մեկում հանցագործը մտել էր բնակարան ու սպառնում էր սպանել տանտիրուհուն։
«Իգոր Ոսկանյանը տարածքին ավելի մոտ էր եղել։ Օպերատիվ խմբից առաջ եկավ մեր տան մոտ։ Համոզված լինելով, որ հանցագործի մոտ զենք կա, առանց վայրկյան իսկ մտածելու՝ օպերատիվ խմբից շուտ էր հասել։ Նա դրսից սկսեց բանակցել հանցագործի հետ, նրա ուշադրությունը շեղեց, և ես կարողացա մտնել ննջարան ու փակվել։ Այդ ընթացքում, մինչ օպերատիվ խմբի հասնելն ու վնասազերծելը, հանցագործը ոտքով այնքան էր խփել դռանը, որ երկաթյա դռան փականը ծռվել էր»,- պատմում է Վանաձորի բնակիչ Սուսաննա Մարգարյանը:
Իսկ որոշ ժամանակ անց Իգոր Ոսկանյանը հայրենիքի կանչով մեկնեց Արցախյան ռազմաճակատ. այս անգամ հայրենի հողն ուներ պաշտպանության կարիք։
«Իգորը հարգված էր շրջապատում, ծնողասեր էր, մեծի նկատմամբ հարգանք ուներ։ Ոչ մի անգամ դժվարությունից չի խուսափել, ամեն հարցում եղել է նպատակասլաց, նվիրված ընկերոջը, ծնողին, ընտանիքին, աշխատանքին»,- պատմում է հայրը՝ Սերյոժա Ոսկանյանը։
Դժվարությունից չխուսափեց նաև պատերազմի օրերին, և հենց առաջին օրը զինվորագրվեց հայրենյաց պաշտպանների բանակին: Անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։ Իգոր Ոսկանյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
«Ընտանիք ասվածն իր ամենադրական կողմերով, վստահ կարող եմ ասել, մեր ընտանիքի մասին էր: Ցավում եմ, որ երեխաներս չկարողացան ընտանիք ասվածը մեզ հետ լիարժեք վայելել»,- ասում է Իգորի կինը՝ Հերմինե Մեսրոպյանը։
Գործընկերների խոսքով՝ Իգոր Ոսկանյանից միշտ կարելի էր սովորել։ Հուսալի ու վստահելի ծառայակից էր: Մինչ համայնքային ոստիկանությունում աշխատելը, Իգոր Ոսկանյանը ծառայել էր ոստիկանության զորքերում, ոստիկանության ուղեկցող դասակում, մարզային վարչության շտաբում։ Ամենուր ծառայել էր սպային վայել կեցվածքով ու պատասխանատվությամբ, սպային վայել էլ անմահացավ:
Ոստիկանության կապիտան Իգոր Ոսկանյանը հավերժ կհիշվի որպես քաղաքացուն սպառնացող հանցագործին դեմ հանդիման կանգնող ոստիկան: Նաև՝ հայրենիքի խիզախ զավակ: