Ռուս խաղաղապահները մեկնել են ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայր, որտեղ տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման համար: Այդ մասին հայտնում են ՌԴ
պաշտպանության նախարարությունից:
Մի քանի օր շարունակ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում զինծառայողները ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգը:
Միասնական կենտրոնի անձնակազմը, որում ներկայացված են լինելու ռուսական և թուրքական կողմերի հավասար թվով զինծառայողներ, անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկելու է հրադադարի պահպանումը:
Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի, որով կողմերը պայմանավորվել են միասնական կենտրոնի շտաբը կազմավորել հավասարության սկզբունքով: