Տարիներ առաջ Երևանի կենտրոնի կառուցապատման գործում թույլ տրված խախտումների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին երկու տարիներին Հայաստանին պարտավորեցրել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի չափով փոխհատուցում տրամադրել դիմումատուներին (2 միլիոն եվրո)։ Այդ մասին «Լուրեր»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Այս ժամանակահատվածում հանրային գերակա շահով պայմանավորված սեփականության օտարման դեպքով 4 վճիռ է կայացվել Եվրոպական դատարանում՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի», «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» և «Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով։ Հայցվորները ընդհանուր առմամբ պահանջել են 4 միլիարդ դրամի փոխհատուցում, սակայն դատարանը 1.3 միլիարդ դրամն է բավարարել։
Դրանցից «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի»
գործով, օրինակ՝ կառավարությունը 140 հազար եվրո է փոխհատուցելու հայցվորին։ Ըստ դատական գործի պատմության՝ Գայանե Թադևոսյանը Երևանի կենտրոնում ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 670 քմ մակերեսով անշարժ գույք։ Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար ստեղծված «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակն» այս տարածքի համար դիմումատուին փոխհատուցել է 355 հազար դոլար։ 2006 թ. գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թադևոսյանի գույքի գերագնահատման ու բարձր չափով փոխհատուցում վճարելու համար։ «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակի» ղեկավարը Թադևոսյանից պահանջել է 180 հազար դոլար հետ վճարել իրեն, այլապես կարող է պետական միջոցների յուրացման համար քրեական պատասխանատվության ենթարկվել։ Թադևոսյանն այս պահանջը կատարել է, իսկ հետո քրգործը կարճվել է՝ փաստի բացակայության հիմքով։ Թադևոսյանը հետ է պահանջել գումարը, իսկ կառուցապատման ներդրումային գրասենյակը հրաժարվել է հետ վճարելուց, որից հետո սկսվել է երկարատև դատական պրոցես։ Սպառելով ներպետական ատյանները՝ Թադևոսյանն իր պահանջի կատարմանն է հասնել ՄԻԵԴ-ով 2019-ին։
«Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»
գործով կառավարությունը 2019 թ. հայցվորին ավելի քան 1.6 միլիոն եվրո փոխհատուցեց։ Բուզանդի փողոցում հայցվորն ունեցել էր 395 քմ տուն՝ 1385 քմ մակերեսով հողամասի վրա։ Հողի համար հայցվորը որևէ փոխհատուցում գրասենյակի կողմից չէր ստացել, իսկ տան փոխհատուցումը շուկայականից շատ ավելի ցածր գնով էր եղել։ Վարդանյանի իրավունքների խախտումը ՄԻԵԴ-ը ֆիքսել էր դեռ 2016-ին, ապա եկել էր վնասի փոխհատուցման ճգրտման փուլը։ Կառավարությունն առաջարկել էր 894 հազար եվրո փոխհատուցմամբ ավարտել վեճը, սակայն հայցվորն իրականացնելով լրացուցիչ հաշվարկներ՝ պահանջել էր շատ ավելի մեծ գումար։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել ՀՀ-ին 1.6 միլիոն եվրո վճարել Վարդանյանին։
Նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը, որը եղել է ԲՀԿ խմբակցությունից, իր կնոջ հետ ևս գերակա շահի գործերով հասել է ՄԻԵԴ, և 2019-ին նրանք փոխհատուցում են
ստացել 260 հազար եվրոյի չափ։ Հյուսիսային պողոտայի կառուցապատման հատվածում նրանք ունեցել են հողամաս և տուն, որը գնահատվել է 54.8 միլիոն դրամ։ Հակոբյանը չի համաձայնել այս փոխհատուցման չափին, իսկ «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակը» որոշել է դատարանով պարտավորեցնել Հակոբյանին համաձայնել այս փոխհատուցման չափին ու ստորագրել համաձայնագիրը։ Հակոբյանը չի համաձայնել, գույքի վերագնահատում է կատարվել՝ գնահատելով այն 60.2 միլիոն դրամ։ Այդ գնին Հակոբյանն ու Ամիրխանյանը ևս չեն համաձայնել, սակայն 2006-ի դեկտեմբերին անշարժ գույքն անցել է Կառուցապատման ներդրումային գրասենյակին։ ՄԻԵԴ-ը 2019-ին որոշել է պարտավորեցնել Հայաստանին փոխհատուցելու Վերսանդ Հակոբյանին 260 հազար եվրոյի չափով։
«Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործով ևս անցյալ տարի վճիռ կայացվեց Հայաստանի դեմ՝ հօգուտ հայցվորի գանձել 68 հազար եվրո։ Խաչատուրյանին ու իր դուստրերին երկու բնակարան էր պատկանել Բուզանդի բազմաբնակարանային շենքերից մեկում՝ 42 և 47 քառակուսի մետր մակերեսով։ Դատարանի վճռով այդ բնակարաններն անցել էին մի անհատ սեփականատիրոջ, իսկ Խաչատուրյանները նվազ փոխհատուցում էին ստացել։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Լուրերին» հայտնել են՝ ՄԻԵԴ վարույթում այժմ գտնվում են երեք այլ գործեր, որոնց վերաբերյալ Հայաստանի կառավարությունը ծանուցվել է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նաև հայտնել են՝ դատաքննության փուլում գտնվող գործերով արդար փոխհատուցման չափ դեռևս չի նշվել։
2020 թ. դեկտեմբերին գրել էինք կառավարության մի ուշագրավ որոշման
մասին՝ ՀՀ կառավարությունն ու քաղաքացի Լյուբով Փիլոյանը բարեկամական կարգավորման էին հասել գերակա շահով պայմանավորված սեփականության օտարման գործով։ Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Մանկական աշխարհի» անմիջապես հետնամասում գտնվող Փիլոյանի գույքն անցել էր Կառուցապատման ներդրումային գրասենյակին։ Երևանի քաղաքապետարանը Փիլոյանին տրամադրել էր 332 քմ տարածք՝ 99 տարի ժամկետով վարձակալության ու կառուցապատման իրավունքով։ Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, սակայն, հրաժարվում էր հաստատել նոտարական գրանցումը, և Փիլոյանն ըստ էության փոխհատուցում չէր ստանում։ Փիլոյանին պատկանող տարածքը հետագայում անցնում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ընկերությանը։ Փիլոյանը դիմում է ՄԻԵԴ, և կառավարությունը, հաշվի առնելով փոխհատուցման հնարավոր հսկա չափը, որոշում է հաշտության հասնել։ Դեկտեմբերի 17-ին կառավարությունը որոշում է Արամի 38 հասցեում 332 քմ տարածքը կադաստրային արժեքով՝ մոտ 20 միլիոն դրամով օտարել Լյուբով Փիլոյանին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին՝ բարեկամական կարգավորման այլ դեպքերի մասին չեն կարող տեղեկություններ տրամադրել, քանի որ այդ գործընթացը կոնֆիդենցիալ է։