ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ընդգծվում է, որ հետևողականորեն փորձ է արվում հանրային-քաղաքական խոսույթ ներմուծել բռնությամբ, զենքով, իբր «ապստամբությամբ», ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով քաղաքական հարցեր լուծելու թույլատրելիության թեզը։
«Նպատակը մեկն է՝ բթացնել հանրության զգոնությունը, հանրության շրջանում ձևավորել ընկալում, որ բռնությունը ընդունելի, բնականոն միջոց է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Եվ այս հանցավոր գաղափարներն արդարացնելու համար հղում է արվում պատերազմում պարտությանը։ Այնինչ պարտությունն ընդամենը պատրվակ է։ Այս փորձերը, այս խոսույթը նոր բան չեն հայաստանյան քաղաքական լանդշաֆտում։ Այս ամենը մենք լսել և տեսել ենք դեռևս ուշ 90-ականներին, պատերազմում հաղթանակից հետո։
Այս ամենը մենք լսել և տեսել ենք մեր պետականության համար կարևորագույն խորհուրդ ունեցող այս օրվա, բանակի ստեղծման հիմքում կանգնած հայորդու, մեզ հաղթանակ բերած սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ՝ հոկտեմբերի 27-ից առաջ։ Այն նույն սպարապետի, որն ընկավ ոչ թե մարտի դաշտում թուրքի փամփուշտից, այլ սպանվեց Հայաստանի քաղաքական թիվ մեկ հարթակում՝ խորհրդարանում, մի խումբ հայերի ձեռքով, որոնց իրենց ընդդիմություն կոչող պսևդոքաղաքական խմբերի վարչապետի ներկայիս թեկնածուն կոչեց «մի խումբ ռոմանտիկներ»։
Իհարկե, Ազգային ժողովում քաղաքական ղեկավարության «գլխատմամբ» ուղեկցված ահաբեկչությունը կարող էր ռոմանտիկ թվալ մեկի համար, որը նախկինում հետընտրական պայքարի շրջանակներում փորձել էր ժողովրդից ստանալ ամբոխ, գազազեցնել նրան ու առաջնորդել Ազգային ժողովի շենքը գրոհելու, ինչի հետևանքով բռնության ենթարկվեցին Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը (վերջինս, ի դեպ, պարոնի ներկայիս դաշնակիցն է)։
Ռոմանտիկայի ժանրից էր նաև ԱԺՄ գրասենյակի՝ ԱԺ-ն գրոհելուն հաջորդած խուզարկության (1996 թ․ սեպտեմբերի 27) ժամանակ հայտնաբերած «Ինչպես անել» վերտառությամբ ձեռագիրը (առնչվող հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում), որում, ի թիվս իշխանափոխության հասնելու այլ մեթոդների, նաև նշվել էր հետևյալը․ «Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով»:
Եվ որն ամենասարսափելին է, նույն ձեռագրում քաղաքական հակառակորդների նկատմամբ հաղթանակի հասնելու մեթոդների շարքում նաև գրված էր հետևյալը․ «Կարելի է նաեւ աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»:
Զուգադիպությո՞ւն։ Դժվար թե։
Շատ բան չի փոխվել։ Ահաբեկչությունը ռոմանտիզմի հետ նույնականացնող սույն գործիչն իր քաղաքական ռեինկարնացիայի ձախողված փորձերի առաջին իսկ օրից խոսում է գազազած ամբոխից, հոշոտելուց և զարմանում, որ ժողովուրդն այդպես էլ չի վերածվում ամբոխի, չի գազազում և առավել ևս՝ հոշոտում։
Դեռ պատերազմի օրերին սույն պարոնը հանդես եկավ հայտարարությամբ, որը կարելի է որակել որպես ռազմական հեղաշրջման կոչ։ Օրեր առաջ վերջինս նաև խոստովանեց, որ պատերազմի օրերին կապ է հաստատել Արցախի գեներալների հետ և, ըստ էության, ռազմական հեղաշրջման կոչ արել։ Հիմա էլ ափսոսում է ու զարմանում, որ դա տեղի չունեցավ։
Նույն օրը պարոնը նաև հանդես եկավ ապստամբության և շենքեր գրավելու կոչերով. «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին։ Եթե սահմանադրական ճանապարհը չստացվի, պետք է ապստամբել։ Ու դա ժողովրդի բնական իրավունքն է։ Այդ իրավունքն ամրագրված է Միացյալ նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության։ Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության։ Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ․․․ Կփոխենք։ Խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»։
Մի կողմ թողնենք այն, որ պարոնը կարդացել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը, Գերմանիայի Սահմանադրությունն ու չի ընկալել, թե էնտեղ ինչ է գրված։ Այլապես կհասկանար, թե ինչ կլիներ իր հետ, եթե այս նույն կոչերով հանդես գար ԱՄՆ-ում կամ Գերմանիայում։ Մի կողմ թողնենք նաև ապստամբությունը բնական իրավունք հայտարարելու պահին պարոնի հետևում նստած երիտասարդի մելամաղձոտ հայացքը, որը, կարծես, փորձում էր ամեն կերպ մոռանալ, որ դեռ ոչ հեռավոր 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ և նաև հետագայում ողջ կուսակցությամբ և յուր սատելիտներով հայտարարում էին, որ գոյություն չունի ապստամբության իրավունք, առավել ևս՝ բնական (և, մեր մեջ ասած, ճիշտ էին ասում)։
Հիշենք մեկ այլ արտահայտություն պարոնի արդեն հայտնի քերթվածքից. «Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել նախագահ»:
Սեփական ժողովրդի նկատմամբ այսչափ քամահրանքով արված այս արտահայտությունն ունի միայն մեկ պատասխան․ մազոխիստներ մեր հասարակությունում չկան, իսկ սադիստի տեղը ոչ թե նախագահական աթոռն է, այլ բանտը։
Անարձագանք և անպատիժ մնացած բռնության քարոզն է պատճառը նրա, որ այսօր արդեն ականատես ենք լինում զենքով ֆիզիկական հաշվեհարդարի կոչերի և սպառնալիքների ոմն Վահան Բադասյանի կողմից։ Ողջունելի է իրավապահների արագ արձագանքը։ Բռնություն քարոզող որևէ մեկը չպետք է աչքաթող արվի իրավապահների կողմից։ Բռնության քարոզը պետք է արժանանա ամենակոշտ արձագանքի։
Մենք մեկընդմիշտ պետք է պայմանավորվենք, որ բռնությունը պետք է բացառվի ներհայկական, ներքաղաքական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա»,- գրել է Ջուլհակյանը: