Մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:
«Հարակից հատվածը ենթադրում է տնտեսվարողի հարակից հատվածն ամբողջությամբ, այսինքն՝ մինչև երթևեկելի գոտի, մինչև մայթի եզրի հատվածը, թե՛ բարեկարգման, թե՛ ձնամաքրման աշխատանքներ: Տնտեսվարողները հենց իրենց տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է նախևառաջ շահագրգռված լինեն բարեկարգման աշխատանքները, հետո նաև օրենքով սահմանված պարտականություններն իրականացնելու գործում»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով: Վարչական շրջանների աշխատակազմերը պարբերաբար ծանուցում են ուղարկում տնտեսվարողներին, հորդորում աշխատանքներն իրականացնել ժամկետում և պատշաճ ձևով, բայց ոչ բոլորն են պահպանում նորմերը: Նրանց կողքին, սակայն, քաղաքում կան բազմաթիվ գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը:
«Բոլոր տնտեսվարողներին տրամադրվել են և բարեկարգմանն առնչվող նախագծերը և սխեմաները՝ իրենց տարածքները ճշտելու համար»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:
«Վարչական շրջանի ղեկավարի վրա Երևանի ՏԻՄ օրենքով պարտականություն է դրված, որով վերջինս վերահսկում է այդ աշխատանքների ընթացքը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը վարչական տույժ կիրառելու լծակներ ունի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք ավագանու սահմանած պարտականությունները չեն կատարում»,- ասում է Արամ Մարտիրոսյանը:
Օրերս կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարների առջև հստակ պահանջ դրեց՝ հետևողական աշխատանք տանել ավագանու որոշումը կատարելու նպատակով:
«Ամեն անգամ, երբ գնում ես քաղաք, որտեղ ամեն ինչը օրենսդրորեն ճիշտ է կազմակերպված, հասկանում ես, որ քաղաքային իշխանությունները շատ ավելի թեթև և ոչ գերծանրաբեռնված են աշխատում՝ ընդամենը ճիշտ օրենքների կիրառմամբ: Այն է՝ տնտեսվարող օբյեկտներ՝ իրենց դիմացի մայթերով, համատիրություններ՝ իրենց բակային տարածքներով: Պետք է համակարգը ճիշտ կազմակերպված լինի, չես կարող մի հիմնարկի վրա դա դնել»,- նկատում է քաղաքապետը:
Պարտադիր բարեկարգման պահանջը, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը: Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում: Օրինակ՝ Երևանի Կենտրոնում ավելի քան 4000, իսկ Արաբկիրում շուրջ 2150 տնտեսվարող կա, և եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի օրենքի պահանջը, ապա մայրաքաղաքը հաստատ ավելի մաքուր ու բարեկարգ կլինի: