Հետիոտնից վարորդ դառնալը բարդանում է, բայց հիմքն ամուր է լինելու: Փոխվել է վարորդական վկայականի համար հանձնվող թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների կարգը: Նախկին 10 հարցի փոխարեն հիմա վարորդի թեկնածուները տեսական քննության ժամանակ պետք է 20 հարցի պատասխանեն՝ կես ժամում. ունեն 2 սխալի իրավունք: Գործնականը ևս նոր կարգով է անցկացվում:
Հրաչիկ Ղազարյան (ՀՀ ՃՈ Երևանի ՀՔԲ վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի պետ) - «Բ կարգի և՛ ավտոմատ, և՛ մեխանիկական փոխհաղորդակով տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու թեկնածուները գործնական քննությունը հանձնում են՝ նախկինում ավտոդրոմ էր, ներկայումս իրական պայմաններում, որի համար տրվում է 25 րոպե»:
Փոփոխությունը կարևոր էր՝ փաստում է մայոր Ղազարյանը, երբ քննությունն իրական պայմաններում է անցկացվում, վարորդական հմտություններն ավելի հեշտ է լինում տեսնել, գնահատել:
Հրաչիկ Ղազարյան - «Ես դրական եմ գնահատում, քանի որ դրանով ավելի հմուտ վարորդներ են պատրաստվում»:
Գործնական քննություն ունի 11 կետ, քննությունը ձախողված կհամարվի 1-ից ավելի սխալի դեպքում: Վարորդական վկայական արդեն պարտադիր կլինի նաև մոպեդով տեղաշարժվողների համար, իսկ Ա կարգի քննությունները կանցկացվեն ավտոդրոմում: Նոր կարգով Բ1, Ց, Դ և մյուս կարգերի քննությունները կանցկացվեն թե՛ ավտոդրոմում, թե՛ իրական պայմաններում:
Հրաչիկ Ղազարյան - «Եվրոասոցացման պայմանագրում հրահանգ կա՝ կապված վարորդական վկայականներին ներկայացվող պահանջների հետ, հետևաբար Հայաստանը պարտավորված էր կատարելու նման փոփոխություններ»:
Տեսական քննությանը դրական արդյունք է հաջողվում գրանցել դիմողների մոտ 80 տոկոսին՝ ասում է մայոր Ղազարյանը: 2018-ից էլ էականորեն աճել է վարելու ցանկություն ունեցող իգական սեռի ներկայացուցիչների թիվը: Եթե տեսական գիտելիքների դեպքում ապագա վարորդները կարծես խնդիրներ չեն ունենում, գործնական քննության պարագայում այլ պատկեր ենք տեսնում:
Հրաչիկ Ղազարյան - «Նախկինում, երբ որ ավտոդրոմում էր իրականացվում գործնական քննությունը մասնակիցների մոտ 35-40 տոկոսը ստանում էր: Ներկայումս, հունվարին ինչ աշխատում ենք, փորձը ցույց է տալիս, որ ստանում է մասնակիցների 10-15 տոկոսը»:
Քննությունը հեշտերից չէ, լարվածությանը գումարվում են նաև իրական երթևեկության բարդությունները: Իսկ դրական ստանալու համար պետք է ավելի լավ պատրաստվել:
Սխալները շատ կոպիտ չեն, բայց կարգն է այդպիսին՝ պետք է յուրացնել ու կրկին փորձել:
Խաչատուր Ավետիսյան (ՃՈ տեսուչ) - «Նախատեսված է վարժաձևերից 1-11 կետերից 1-ը սխալ անել, բայց կատարեց 2 սխալ՝ կայանումը ձախողեց՝ բարձրացավ մայթեզրին, չկարողացավ տեղավորվել, երկրորդը՝ կանգնած մեքենաներին շրջանցելը, երբ խոչընդոտ են հանդիսանում, շրջանցեց ճիշտ է, բայց առանց թարթիչը միացնելու»:
Կտրվեց, տխրեց: Քննության ավարտին արդեն տեսուչներն ասում են՝ երկրորդ փորձը հիմնականում հաջողված է լինում: