Հայ Առաքելական Եկեղեցին վաղը՝ հունվարի 30-ին, նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղի բլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:
Լեգենդ կա՝ երբ Սարգսի գլխավորած ջոկատը հաղթանակած վերադառնում է տուն, նրանց հրավիրում են այդ իրադարձությունը նշել արքունիքում։ Երբ զինվորները քնում են առատ ընթրիքից հետո, քրիստոնյաներին ատող հավատուրաց կայսրը հրամայում է 40 երիտասարդ աղջիկների սպանել քնած զինվորներին։ Աղջիկները կատարում են կայսեր դաժան հրամանը, և միայն նրանցից մեկը, ում գեղեցկությամբ գերվել էր Սարգիսը, նրան սպանելու փոխարեն համբուրում է։ Սիրահարվելով միմյանց առաջին հայացքից` երիտասարդները փախչում են քաղաքից։ Այսպես հենց սերը փրկեց Սարգսի կյանքը։ Այդ իսկ պատճառով նրան համարում են սիրահարների բարեխոս։
Այդ օրն ընդունված է տանիքին կամ պատշգամբում դնել նաև բոված ալյուրով սկուտեղ և սպասել, թե երբ դրա վրա կհայտնվի Սուրբ Զորավար Սարգսի նժույգի սմբակի հետքը։ Լեգենդի համաձայն՝ Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է տների վրայով, և եթե ալյուրի վրա մնում է ճերմակ ձիու սմբակի հետքը, ապա այդ տարի կկատարվի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը։
Սիրահարները միմյանց այդ օրը նվիրում են բացիկներ, ծաղիկներ և անուշեղեն։ Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, իսկ այնուհետև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են՝ այս տարի Սուրբ Սարգսի տոնին նախատեսված տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են:
«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- հայտնում են տեղեկատվական բաժնից: