Ռուս փորձագետը վստահ է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի համար նոր հեռանկարներ է բացում: Այդ մասին փորձագետ Արտյոմ Պիլինն ասել է «Սպուտնիկ Արմենիայի» սրահում անցկացված տեսակամրջի ընթացքում:
«Ապաշրջափակումը հնարավորություն կտա Հայաստանին Ադրբեջանի տարածքով ցամաքային կապ հաստատել Ռուսաստանի հետ»,- ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի վարիչ, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Արտյոմ Պիլինը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է հետաքրքրված լինի իր ապրանքների տեղափոխման համար լրացուցիչ աջակցություն ստանալու հարցում։ Պիլինը նշել է, որ առաքման ներկա պայմանները չեն համապատասխանում արտահանման ավելացած ծավալներին: Փորձագետը, մասնավորապես, առանձնացնում է Ռազմավիրական ճանապարհի թողունակությունը՝ շեշտելով Վրաստանի ծովային նավահանգիստների կարողություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Մասնագետի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրներում տարբեր ֆիսկալ քաղաքականությունը դանդաղեցնում է Միության շրջանակներում գործընթացների իրականացումը: «Վառելիքահումքային շուկաներում գներն անկում են ապրում: Արդյունքում ածխաջրածին արտահանողները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, էականորեն արժեզրկում են իրենց ազգային արժույթները, որպեսզի փոխհատուցեն եկամտի կորուստները: Ածխաջրածին ներկրող երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակված են այդ արժեզրկման ծավալով, քանի որ կախված են ներմուծումից»,- նշել է Պիլինը:
Ըստ փորձագետի՝ երբ ռուսական ռուբլու կամ ղազախական տենգեի արժեզրկումը զգալիորեն գերազանցում է հայկական դրամի արժեզրկումը, դա վատթարացնում է առևտրի պայմանները Հայաստանի համար։ Նրա կարծիքով՝ Հայաստանի կրած կորուստների ծավալը դեռ պետք է գնահատվի: «Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել մինչճգնաժամային ծավալներին միայն 2022-ին»,- եզրափակել է Պիլինը: