Շոտլանդիայի առաջին նախարար և Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կուսակցության հաղթանակի դեպքում նորից բարձրացնելու է տարածաշրջանի անկախության հարցը: Դրա համար պետք է ստանալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համաձայնությունը: Վերջինը, սակայն, դեմ է արտահայտվել նման հանրաքվեի անցկացմանը՝ համարելով, որ 2014-ից հետո այն անիմաստ է ու անժամանակ:
Այդ դիրքորոշումն առաջացրել է Սթերջենի վրդովմունքը: «Դա լրիվ ոչ ժողովրդավարական կլինի, եթե Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկի երկրորդ հանրաքվեի օգտին, իսկ Ջոնսոնը չտրամադրի այդ հնարավորությունը»՝ ըստ The Irish Times-ի՝ ասել է նա:
Սթերջենի կարծիքով՝ շոտլանդացիները ԵՄ-ից դուրս են եկել հակառակ իրենց կամքի, քանի որ իրականում դեմ են քվեարկել Brexit-ին: Քաղաքական գործչի համոզմամբ՝ «Brexit-ն ավելի հավանական է դարձրել նաև Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորումը»: