Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի հավաքականն ավարտեց տարվա առաջին ծաղկաձորյան հավաքը: 15 բռնցքամարտիկ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ պատրաստվում էին տարվա առաջին միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու Ստրանջայում:
Հավաքի ընթացքում հիմնական շեշտը դրվել է ֆիզիկական պատրաստվածության վրա, սակայն, բնականաբար, ուշադրություն է դարձվել նաև տակտիկային ու տեխնիկային:
Նախորդ տարի՝ գարնանը, Covid-19-ի պատճառով դադարեցվեց վարկանիշային մրցաշարը: Այդ պահին մենք ունեինք ուղեգրի միայն մեկ տիրակալ՝ ի դեմս Կորյուն Սողոմոնյանի: Այս տարի վարկանիշային մրցաշարը շարունակվելու է ընդհատված տեղից: Մեհրաբյանն իր մտքում ունի հնարավոր ուղեգրերի նվազագույն ու առավելագույն շեմերը:
Մեր բռնցքամարտիկների հետ համատեղ հավաք էր անցկացնում նաև Ուկրանիայի Խարկովի հավաքականը: Մեհրաբյանը խոսեց նաև համատեղ հավաքի օգտակարության մասին:
Նույն ժամանակահատվածում Ծաղկաձորում հավաք էր անցկացնում նաև Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի հավաքականը՝ բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ։ Մասնագետը նշում է, որ այս փուլում անորոշություններն ավելի շատ են, քան հստակ օրացուցային պլանը։ Այս պահին հավաքականի ներկայացուցիչների առջև դրված խնդիրը լավ հանդես գալն է Բուլղարիայի Ստրանջա քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում։
Հավաքականը ձևավորվել է նախորդ տարեվերջին տեղի ունեցած Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա։ Հավաքական թիմում բոլորին հայտնի առաջատարների կողքին կա նաև նորեկ։
Պետք է նշել, որ մրցաշարին այժմ նախապատրաստվող երկու հավաքականների հարցը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Օրերս «Լուրեր»-ի հետ զրույցում փոխնախարար Կարեն Գիլոյանը հաստատեց, որ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել անցկացնելու ֆեդերացիայի նախագահի անաչառ ընտրություններ։ Առհասարակ, բռնցքամարտի հավաքականի ու նրա անդամների բոլոր հարցերը, այդ թվում և կայանալիք ընտրությունների ժամկետները, նախարարությունը նախատեսում է քննարկել գալիք շաբաթ հրավիրվելիք հատուկ նիստի ընթացքում։