Թակարդ-տեսախցիկները Եվրոպայի վերջին խոշոր այս կատվազգիին նկատել են Խոսրովի արգելոցից ոչ հեռու՝ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նկարներն ու տեսանյութերն ուսումնասիրել են ու նկատել՝ սա այս տարածքներում նախկինում ֆիքսված հովազը չէ:
Հիմնադրամում ամիսներ շարունակ նրան հետևել են ու հասցրել նաև Նովա անունը տալ: Այն, հավանաբար, երկար սպասված էգ առանձնյակ է:
Ռուբեն Խաչատրյան, «Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի» նախագահ - Պարզեցինք, որ սա ուրիշ հովազ է: Հույս ունենք, որ էգ հովազ է:
Թե որքան ժամանակ են հովազին ուսումնասիրում, որ տեղանքներում է հանգրվանել, հիմնադրամում փակագծեր չեն բացում: Որոշ արկածախնդիրներ կարող են որսալու փորձեր անել: Հիշեցնում են՝ 1970-ականներից կովկասյան հովազը ներառված է «Կարմիր գրքում»: Այն, որ հովազն այս տարածքում հաճախ է նկատվում, նշանակում է, որ նրանց համար այստեղ նպաստավոր պայմաններ կան:
Հովազի պահպանության, վայրի բնությունը նրանց համար անվտանգ դարձնելու նպատակով այստեղ որսագողության և ծառահատումների դեմ ծրագրեր են իրականացնում: Հույս ունեն, որ էգ հովազը հնարավորության կտա վերականգնել վտանգված կենդանու պոպուլյացիան: