Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան (6:0) հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար: Խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ, թե որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում:
Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը»,- ասել է Նազարեթյանը: