Թուրքիան ծանր բանակցություն կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. Washington Post-ի հոդվածը մեջբերել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ավագ խորհրդականի խոսքերը:
«Էրդողանը, իհարկե, շատ կցանկանար, որ Բայդենն իրեն պահեր նախկին նախագահ Թրամփի պես, բայց եթե դա այդպես չլինի, նա հույս ունի Վաշինգտոնի հետ կնքել մեծ գործարք՝ ներառյալ ԱՄՆ-ի զիջումները С-400-ների, Սիրիայի և Նյու Յորքում թուրքական պետական բանկի դեմ հարուցված մեծ գործի հարցում»,- ասել է խորհրդականը:
Դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի սպառազինության արդյունաբերության դեմ՝ ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգ գնելու պատճառով: Թուրքիային սպասվում են հետագա տույժեր՝ պետական Halkbank-ի պատճառով, որն անտեսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:
Միաժամանակ, պահպանվում է Թուրքիա-ԱՄՆ տարաձայնությունը քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերին ԱՄՆ-ի ռազմական աջակցության պատճառով: Քրդերն ԱՄՆ-ից օգնություն էին ստանում Օբամայի վարչակազմի օրոք, որի ժամանակ Բայդենը փոխնախագահ էր:
Էրդողանի խորհրդականն այն կարծիքին է, որ Թուրքիան կարող է օգտակար դեր խաղալ սիրիական հակամարտությունում ԱՄՆ շահերն առաջ տանելու համար: