Հունվարի 29-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարեդարձին նվիրված նիստ, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմը և զինվորները, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, մարզի ուժային կառույցների, առողջապահական և կրթամշակութային հաստատությունների, շինարարական, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը, պաշտոնական ու քաղաքացիական այլ անձինք։
Մինչև նիստի մեկնարկը մասնակիցները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենյաց պաշտպանի հուշարձանին, որից հետո Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է մոմավառություն և հնչել պաշտպանիչ աղոթք՝ հայրենի աշխարհի և հայրենի մարզի ապահովության ու անսասանության համար։
Նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Օրհնության խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը։
«Հայոց բանակը մեր ազգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ ապահովել է Հայաստանի և Արցախի խաղաղությունն ու անվտանգությունը, բազմաթիվ անգամներ առիթ տվել, որ մենք հպարտանանք նրա կերտած հաղթանակներով։ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես եղել է Հայոց բանակի, այդ հաղթանակների կողքին։
Դժբախտաբար, այդ հաղթանակների շղթան ընդհատվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում, երբ մեր բանակն ու ժողովուրդն անցան ծանր փորձության միջով։ Մենք պարտվեցինք, բայց պարտված դուրս չեկանք այդ պատերազմում, քանզի մեզ հասած փորձությունը բոլորիս պարտադրում ու ստիպում է ոտքի կանգնել, համախմբվել ու կերտել նոր հաղթանակներ։ Աղոթում եմ մեր բանակի և պետականության ապագա հաղթանակների համար։
Աղոթում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մեր հայորդիների հոգիների հանգստության, վիրավոր զինծառայողների ապաքինման, աշխարհի խաղաղության համար։ Մեր սրբացած զավակների արյամբ է ոռոգվել հայոց հողը, որից կծնվեն նոր հերոսամարտիկներ։ Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, շնորհավոր տոնդ, հայ զինվոր»,- նշել է Պարթև վարդապետ Բարսեղյանը։
Շնորհավորանքի և երախտագիտության խոսքով է հանդես եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մենք հունվարի 28-ը մշտապես նշել ենք բարձր տրամադրությամբ, սակայն այս տարի այն ավելի շատ ոգեկոչման և խոնարհումի օր էր։ Ես ուզում եմ իմ խոնարհումը բերել 2020 թվականի Արցախյան պատերազմում հերոսացած մեր տղաներին, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավոր զինծառայողներին, գերվածներին՝ բարի վերադարձ, և տա Աստված, ուրախ լուրեր լսենք մեր անհետ կորածների մասին։
Խոնարհումս եմ բերում նաև մեր այն զինվորներին ու կամավորներին, ովքեր մարտական գործողությունների մասնակից եղան և այժմ էլ ապրում են մեր կողքին։ Պատերազմն իսկապես ծանր էր և ընթանում էր անհավասար պայքարում, բայց մեր հրամանատարներն ու զինվորները բազմաթիվ դրվագներում հերոսական պայքար մղեցին։ Բազմաթիվ բնագծերում մենք մնացինք այնտեղ, որտեղ տարիներ ի վեր կանգնած ենք եղել։
ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսը հսկայական ներդրում ունի այդ դրվագների մեջ։ Կորպուսը ոչ միայն պատերազմի ամբողջ օրերի ընթացքում մնաց իր բնագծերում, այլ նաև ջախջախիչ հարվածներ հասցրեց թշնամուն և ձախողեց նրա բոլոր նպատակները։
Նոյեմբերի 10-ի զինադադարը ցավոտ էր և ծանր, սակայն աղետալի պատերազմի կասեցումն անհրաժեշտ էր, որպեսզի կարողանանք կորուստներից ուշքի գալ, ուղղել մեր մեջքը, մեր սասանված դիրքերը։ Հիմա յուրաքանչյուրս մեր տեղում պիտի նորովի նայենք մեր աշխատանքին՝ հայացքով դեպի մեր պետականությունն ու բանակը։ Իսկ գլխավոր արժեքը միասնականությունն է, որը ցույց տվեցինք պատերազմի ժամանակ, որը պիտի ցույց տանք հիմա ու շարունակենք միշտ։
Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետությանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսին, և Արցախից տեղահանված ու մեր մարզում ապաստանած ընտանիքներին օժանդակած մեր հայրենակիցներին։ Նրանց թիվը մի քանի անգամ ավելին է, քան այսօր այս նիստին հրավիրված և խրախուսվող անձանց թիվն է, որն ավել է 300-ից:
Պատերազմի ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների, առողջապահական ու կրթական հաստատությունների, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների, Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակից բարերար-գործարարների, հոգևոր դասի, շինարարների, պետական ու մասնավոր այլ հիմնարկների, անհատ քաղաքացիների գործունեությունը մեր մարզում ուղղված էր մեկ գլխավոր նպատակի՝ առաջնագծի օժանդակությանը և հաղթանակի կերտմանը։ Այդ աջակցությունը եղել է ինչպես ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու, այնպես էլ նյութական և ֆինանսական օժանդակության ցուցաբերման տեսքով։
Մարտական գործողություններին մասնակցել են Գեղարքունիքի մարզի համայնքերի և վարչական բնակավայրերի 44 ղեկավարներ, 110-ից ավելի դպրոցների տնօրեններ, զինղեկներ և ուսուցիչներ, հարյուրավոր ոստիկաններ, ԱԱԾ, փրկարար ծառայության, քննչական մարմինների, դատախազության, ռազմական ոստիկանության և այլ կառույցների աշխատակիցներ։ Բոլորիդ կրկին անգամ շնորհակալություն։
Բարեգործական նախաձեռնությամբ հսկայական թիվ են կազմում մեր բարերարները։ Ես ուզում եմ առանձնացնել նաև արտերկրում ապրող և ծնունդով մեր մարզը ներկայացնող բարերարներին, որոնք աջակցել են նաև «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Մեր բարերարների ցուցաբերած մեծածավալ օժանդակության շնորհիվ է, որ մենք կարողացանք նման ծավալի աջակցություն ցուցաբերել մեր բանակին, և ես ուզում եմ այդ առիթով ձեզ փոխանցել ՀՀ վարչապետի և Արցախի Հանրապետության նախագահի շնորհակալությունները մեր մարզին:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Հացառատ», «Վարդենիկ», «Ծակքար», «Դար» հիմնադրամներին, Վարդենիսի հոսպիտալին, հիվանդանոցին և Մարտունու բժշկական կենտրոնին, մարզի շինարարներին և ճանապարհաշինարարներին, դատաբժիշկներին և դիահերձարանի աշխատողներին և այն քննիչներին, ովքեր աշխատում են այդ ոլորտում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Գեղարքունյաց թեմի հոգևոր դասին, ովքեր միշտ եղել են Հայոց բանակի և մեր կողքին։
Շնորհակալություն նաև մարզային զինկոմիսարիատին, ՀՕՊ զորամասի հրամանատարությանը և անձնակազմին, որոնց կողմից մեր մարզի տարածքում խոցվել է հակառակորդի 25 անօդաչու թռչող սարք։ Շնորահակալություն Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին։ Շնորհակալություն նաև այն սեփականատերերին, ովքեր ապաստան տվեցին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն այն վարորդներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, առաջնագծում ծառայեցին անձնազոհաբար։
Հայրենիքի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցել են բոլոր համայնքները, սակայն չեմ կարող չառանձնացնել Երանոս, Սևան, Ծովագյուղ, Նորատուս, Լանջաղբյուր, Սարուխան, Ծակքար, Ծովասար, Վաղաշեն, Վարդենիկ Ակունք, Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շողակաթ և Ճամբարակ համայնքները։ Շնորհակալ եմ նաև սահմանամերձ համայնքների բնակիչներին, որոնք ավելի քաջ են գիտակցում, թե ինչ բան է պատերազմը, ինչ բան է սահմանը։
Կրկին խոնարհումս մեր զոհված տղաներին, նրանց հերոսածին մայրերին և, այո, հենց նրանց համար մենք իրավունք չունենք ընկճվելու, այլ, ընդհակառակը, պետք է ոտքի կանգնենք, հզորանանք և այն երազանքները, որ նրանք ունեին, պետք է իրականություն դարձնենք»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Իր ելույթում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետարանին, մարզի ուժային կառույցներին, համայնքապետարաններին, բարերարներին, Գեղարքունյաց թեմին, պետական ու մասնավոր հիմնարկներին՝ պատերազմի ողջ ընթացքում իրենց կողքին գտնվելու և զորակցելու համար։
«Մեզ վստահված պաշտպանությունը մենք կարողացանք իրականացնել ամենաբարձր մակարդակով։ Առավել հպարտ ենք, որ մնացինք անպարտ, կանք ու հզորանալու ենք։ Մենք կկատարելագործենք մեր ձեռքբերումները և կվերացնենք պատերազմի ընթացքում ի հայտ եկած թերությունները և հուսալիորեն կշարունակենք մեզ վստահված բնագծերը»,- նշել է Հայկ Պետրոսյանը։
Պատերազմական գործողությունների ժամանակ հայրենանվեր ծառայություն մատուցելու և 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ:
Պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անվանակարգերով գերատեսչական մեդալներ և պատվոգրեր կշնորհվեն Գեղարքունիքի մարզպետին, մարզի համայնքների ղեկավարների, բարերարների:
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ զինված ուժերին և Արցախի Հանրապետությանն ակտիվ հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով են խրախուսվել Գեղարքունիքի մարզի 57 համայնքները, բարերարներ, մի շարք համայնքների ղեկավարներ, հիմնադրամներ, հանգստյան տներ և հյուրանոցներ, մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և մի խումբ զինվորականներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետը և վարչության աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մարզի համայնքների ղեկավարներ, համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ: