Վարդանյանների ընտանիքում երեխայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդել: Ընտանիքի հայրը՝ ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանը, պատերազմի թեժ օրերին պաշտպանում էր Արցախի սահմանները: Իրեն զինվորականի կյանքին նվիրած հերոսը տանն ավելի քիչ էր լինում, քան զորամասում: Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այցելել են Արցախում զոհված ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին:
Նարինե Սաֆարյան (Հովիկ Վարդանյանի այրին) - «Իրա հետ ամեն քաղաքն ինձ համար շատ գեղեցիկ էր»:
Ասում են՝ զինվորականի կինը ամուսնու հետ հավասար ծառայում է հայրենիքին: Ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի կինն այդ ծառայությունը հաճույքով էր տանում: Քաղաքից քաղաք, զորամասից զորամաս. որտեղ Հովիկն ու ծառայությունը, այնտեղ էլ ինքը՝ ասում է Նարինեն:
Նարինե Սաֆարյան - «Դժվար է անշուշտ, չեմ ժխտի, բայց սերը եթե կա, ամեն ինչ հաղթահարելի է: Որտեղ ապրել ենք, ես սիրահարվել եմ այդ քաղաքին, որովհետև փողոցներն ու անկյունները լցված էին իրենով: Իր հետ քայլելով»:
Հովիկը մանկուց է զինվորական եղել, ասում է Նարինեն: Զինվորական կյանքում կոփվելու համար նախ ընդուվել է «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այնուհետև ավարտել Արմենակ Խանփերյանցի անվան ինստիտուտը: Հետո հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ վերապատրաստվել է Ռուսաստանում: Վերադառնալուց հետո իր խնդրանքով ծառայության է մեկնել Արցախ, թեև կարող էր և Կապանում ծառայել: Զորամասում ավելի շատ էր լինում քան տանը՝ ասում է Նարինեն:
Նարինե Սաֆարյան - «Միշտ ասում էր ես գնում եմ բոլորին ու կարևորը իմ ընտանիքին, քեզ պաշտպանելու համար»:
Ընտանիքի երրորդ անդամին Հովիկն այդպես էլ չտեսավ: Գիտեր, որ աղջիկ են ունենալու, և նույնիսկ միասին արդեն անունն էին ընտրել: Դեռևս յոթ օրական Ադրիանային տեսակցելու էին եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Փոքրիկ աղջնակը հիմա ընտանիքի լուսավոր կետն է, նրանից են առնում կարոտը, հավատում՝ Հովիկի զոհողությունը երաշխավորելու է ինչպես Ադրիանայի, այնպես էլ ապագա սերունդների խաղաղ երկինքը: