Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։
ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների նախաձեռնությամբ հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով:
«Մեզ համար՝ որպես ոլորտի պատասխանատուների, շատ կարևոր էր հասկանալ, թե ինչի մասին են երազում մեր հոգածության ներքո ապրող երեխաները։ Այն նպատակներն ու նվիրումը, որ ներկայացրել եք Ձեր շարադրություններում, մեր երկիրն ավելի հզոր և ուժեղ են դարձնելու։ Մենք էլ անելու ենք առավելագույնը ձեր երազանքների իրականացման համար՝ այդ թվում նաև ձեր շնորհիվ, քանի որ առանց երազանքի ուժի հնարավոր չէ առաջ շարժվել։ Այն ժպիտներն ու ոգևորությունը, որ տեսնում ենք հիմա, վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- բացման խոսքում նշել է Մեսրոպ Առաքելյանը։
Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տարբերակը հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել երեխաներին, և հասկանալ, թե ինչպիսի երկիր պետք է կերտել, որ երեխաների մասնագիտական ցանկություններն իրականություն դառնան Հայաստանում կամ Արցախում․
«Այս նախաձեռնության շրջանակում մենք հրաշալի շարադրություններ ենք ընթերցել ու բացահայտել ձեզ, ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը։ Պատկերացում ենք կազմել, թե ինչի մասին եք մտածում, ինչ եք երազում և այս կամ այն մասնագիտության միջոցով ինչպես եք պատրաստվում ծառայել մեր միասնական հայրենիքին»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը։
Նախարարները երեխաներին գրքեր են նվիրել՝ յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության համապատասխան․ մրցանակներ են ստացել նաև լավագույն շարադրությունների հեղինակները։ Միջոցառման շարունակությունը լինելու է «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնությունը, որի շրջանակում երեխաներն՝ ըստ մասնագիտության, կայցելեն իրենց նախընտրելի հաստատությունները։