Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տիմուր Ժակսիլիկովը մեկնաբանել է ԵԱՏՄ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, որի շրջանակում հաշվի է առնվելու նրանց՝ ԵԱՏՄ երկու կամ ավելի երկրներում ձեռք բերված աշխատանքային փորձը՝ հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:
Ըստ Համաձայնագրի՝ կենսաթոշակային փորձը կարող է մեկտեղվել, եթե քաղաքացին աշխատել է ԵԱՏՄ երկրներից առնվազն երկուսում: «Այժմ, երբ անձը թոշակի է անցնում, հաշվի է առնվում նաև այլ երկրում նրա ունեցած աշխատանքային փորձը»,- բացատրել է ԵՏՀ նախարարը։
Կարևոր է նաև, որ քաղաքացին ինքն է որոշում՝ ցանկանում է թոշակը ստանալ մշտական բնակության երկրո՞ւմ, թե՞ երկրում, որի քաղաքացին է։
Ժակսիլիկովի խոսքով՝ Ռուսաստանում ավելի շատ ներգաղթյալներ կան, քան հայտնում են պաշտոնական վիճակագրության տվյալները: Նրանց մեծ մասն այս կամ այն պատճառով նախընտրում է չգրանցված աշխատակցի կարգավիճակը և, բնականաբար, չի վճարում կենսաթոշակային հիմնադրամին, ինչն արտացոլվում է կենսաթոշակի վրա։