Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 4 ամիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին լռելուց հետո հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Թուրան» գործակալությանը: Աղբյուրը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այն հարցերին, թե ուր է գնացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, և չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:
«Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում: Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է, ով գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար:
Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ: Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը»,- հայտնել է աղբյուրը։
«Չնայած՝ Սադիգովի պաշտոնանկությունից մոտ 4 ամիս է անցել, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել»,- գրում է «Թուրանը»: