«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված շուրջ 200 ընտանիքի ձմեռային անկողնային պարագաներ՝ բարձեր ու վերմակներ է հատկացրել:
Անկողնային պարագաները կարվել են հենց արցախցի կանանց կողմից, երբ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար Project Hope կազմակերպությունը Ծաղկաձորում հիմնել էր կարի 2 փոքրիկ արտադրամաս և այնտեղ ապաստանածներին ապահովել աշխատանքով:
Հիմնադրամի հոգածությամբ պատվիրված ավելի քան 400 տաք հավաքածուները «Հո´գ տար» սոցիալական նախաձեռնության միջոցով բաշխվեցին Կոտայքի մարզի տարբեր համայնքներում՝ Աբովյանում, Նոր Հաճնում, Նոր Գեղիում, Կամարիսում, Եղվարդում և հարակից գյուղերում ու քաղաքներում ապաստանած ընտանիքներին:
Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը: Հաշվի է առնվել նաև ընտանիքների բազմանդամությունը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երկուական բարձ և վերմակ:
«Քանի որ մենք մեր ամբողջ ունեցվածքն ու իրերը թողել ենք Արցախում, նմանատիպ ծրագրերն օգնում են ինչ-որ չափով թեթևացնել կենցաղային հոգսերը»,- նշում է ծրագրի շահառու, Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ Գայանե Բադալյանը:
Անկողնային պարագաները բաժանվեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված կենտրոնակայանից, իսկ այն բնակիչներին, ովքեր հնարավորություն չունեին անձամբ մոտենալ և վերցնել պարագաները՝ կամավորներն իրենք հասցրին դրանց կարիքն ունեցող բոլոր ընտանիքներին: