Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022 թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները:
Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ 2022 թվականը և նաև հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով: