ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը հունվարի 29-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Վահան Չարխիֆալակյանը հայտնել է, որ լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել հարկերը վճարելուց խուսափելու, կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցավոր դրսևորումներով դեպքերը հայտնաբերելու և բացահայտնելու ուղղությամբ։
2020 թ. ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 21 մլրդ դրամ։ «244 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքով քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և պետությանը վնաս պատճառելու վերաբերյալ հարուցվել է 23 քրեական գործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 265 քրեական գործ»,- մանրամասնել է Վահան Չարխիֆալակյանը՝ ընդգծելով, որ 2019 թ. համեմատությամբ 2020 թվականի ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն աճել է շուրջ 70%-ով։
2020 թ. ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների ընթացքում 206 դեպքով հայտնաբերվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության հատկանիշներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են նյութեր։ 2019 թ. համեմատ նախապատրաստված նյութերի քանակն աճել է 100-ով կամ 94.3%-ով։
«2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում հետաքննության ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 7 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում` 6 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 2.1%»,- հայտնել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը:
Նա նշել է, որ ուշադրության կենտրոնում է եղել այնպիսի իրավախախտումների բացահայտումը, ինչպիսիք են առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքներ տեղափոխելը կամ մատակարարելը, լիզենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը, ապօրինի գործունեությամբ զբաղվելը, բիզնեսն արհեստականորեն տրոհելը։
2020 թ. ընթացքում առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում արձանագրվել է 1010 խախտում: Առաջադրվել է մոտ 1.4 մլրդ դրամ տուգանքի գումար: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական 279 միջոցառման արդյունքում առաջադրվել է 181.6 մլն դրամ տուգանքի գումար: 55 դեպքով արձանագրվել է ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի խախտում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելը), որոնց արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2.2 մլրդ դրամ:
2020 թ. ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 407-ից 410 հոդվածների իրավախախտման հատկանիշներով իրականացվել է 3427 օպերատիվ-հետախուզական միջոցառում, և արձանագրվել է ընդհանուր 3.9 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ։ 2019 թ․ ընթացքում իրականացված 3134 միջոցառումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա շուրջ 1.4 մլրդ դրամ։ Ձեռնարկված միջոցառումների քանակն աճել է 9.3%-ով, իսկ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը՝ 176.3%-ով։
Վահան Չարխիֆալակյանը հայտնել է, որ ստվերային տնտեսության և դրան նպաստող պայմանների բացահայտման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել. «2020 թ. ընթացքում իրացման շրջանառության իրական ծավալների և իրացվող ապրանքների գների ճշտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական 493 միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 8.5 մլրդ դրամ ստվերային շրջանառություն, իսկ որպես հետևանք հաշվարկված հարկերն ավելացել են շուրջ 730.9 մլն դրամով»։ Ընդ որում, 2020 թվականին ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված միջոցառումները նախորդ տարվա համեմատ 406-ով ավելի են, իսկ բացահայտված ստվերային շրջանառությունն ավելի է շուրջ 7 մլրդ դրամով կամ 434.7%-ով։
Վահան Չարխիֆալակյանն ընդգծել է, որ օպերատիվ-բացատրական աշխատանքների արդյունքում բազմաթիվ հարկ վճարողներ ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ և պետական բյուջե են վճարել թաքցված հարկի գումարները։
2020թ. ընթացքում oպերատիվ ստորաբաժանման կողմից իրականացվել են նաև միջոցառումներ` պակաս հարկեր վճարելու նպատակով ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում 87 դեպքով հիմնավորվել է, որ 258 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով և ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: 2019թ. համեմատ այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն աճել են 97.7%-ով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսվարող սուբյեկտների թիվը՝ 122.4%-ով։
Վահան Չարխիֆալակյանը հայտնել է, որ 2020 թ. ընթացքում պատերազմական գործողություններով պայմանավորված վարչության աշխատանքները կրել են որոշակի փոփոխություններ. «Մասնավորապես` զերծ ենք մնացել վարչարարական խիստ գործիքներ կիրառելուց, փոխարենը տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը պահել ենք ամենօրյա օպերատիվ հսկողության ներքո, և բարեխիղճ վարքագծից շեղումներ թույլ տված հարկ վճարողների հետ օպերատիվ բացատրական աշխատանքներ կատարել, որոնք ունեցել են ցանկալի արդյունքներ»։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը նշել է, որ տարվա ընթացքում կարևորվել է հարկային հսկողությունը` ըստ ոլորտային ուղղությունների։ Առանձնացվել են առավել ռիսկային 33 ոլորտ և հարկ վճարողների ցանկեր: