Վերջին տարիներին կալանավայրերի հիմնական խնդիրներից մեկը մահացության աճող ցուցանիշն է: Սրանք 2011-ից 2020-ը քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թվերն են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում ամենաբարձր ցուցանիշը 2014-ին էր՝ 38 դեպք, իսկ ահա ամենացածրը գրանցվեց 2020-ին՝ 5 մահ: ՔԿՀ-ներում մահերի թիվը 2020-ին, 19-ի համեմատ, 4 անգամ նվազել է:
Ո՞րն է եղել մահերի նվազման պատճառը, այն էլ՝ համավարակի ժամանակ: Արդարադատության նախարարությունից ասում են՝ դրական առաջընթացը 2019-ին ստեղծված Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և կալանավայրերի հետ ճիշտ գործակցության արդյունք է: Նախկինում բանտային բժիշկը քրեակատարողական հիմնարկի աշխատակից էր հանդիսանում, ինչն անգամ քննադատության էր արժանանում:
Արփի Սարգսյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ) - Միջազգային կառույցները բարձրաձայնում էին, որ ՔԿ-ների ենթակայայության տակ գտնվող անձինք մասնագիտական առումով չեն կարող անկախ գործել ՔԿ-ի վարչակազմից:
Մյուս պատճառը, որ կալանավորին մահվան դուռն էր հասցնում, նախկին բարդ վարչարարությունն էր: Բանտարկյալը քաղաքացիական հիվանդանոց հասնելու համար շաբաթներով թույլտվության վկայականի էր սպասում, մինչդեռ, քաղաքացին ունի բուժում ստանալու իրավունք, անկախ նրանից՝աղերի հետևում է, թե ոչ:
Արփի Սարգսյան - Այդ բարդ պրոցեսում տեղակայված էր մի քանի օղակ՝ ՔԿ ծառայության կազմում գործող բժիշկը դիմում էր ՔԿ վարչակազմին, վարչակազմը իր հերթին դիմում էր ՔԿ ծառայությանը, ծառայությունն էլ, իր հերթին, դիմում էր առողջապահության նախարարությանը, որպեսզի կարողանա թույլտվություն ստանալ տվյալ պացիենտին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:
Հիմա գործում է երկօղակ համակարգ: ՔՀ-ում բուժող բժիշկը դիմում է ՊՈԱԿ-ի տնօրենին, նշում, որ հիվանդը պետք է բուժվի քաղաքացիական հիվանդանոցում, ուղեգիր ստանալը տևում է առավելագույնը 24 ժամ: Մահվան դեպքերի նվազումն արձանագրել է նաև արդարադատության նախարարը:
Ռուստամ Բադասյան (արդարադատության նախարար ) - Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայումս այդ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց՝ անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։
Գործառույթ իրականացնող մարմինն ունի 171 հաստիք, անձնակազմի 45 անդամ նոր է անցել աշխատանքի, հաստիքացուցակը լրացված է 95 տոկոսով:
Արփի Սարգսյան - Մի շարք վերապատրաստումներ են անցել՝ և՛ նեղ մասնագիտական, և՛ ընդհանուր մասնագիտական:
Ի դեպ, կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 39 դատապարտյալ՝ 1974 բանտարկյալից: Բոլոր հիմնարկները պատրաստ են եղել, առանձնացված է եղել 150 մահճակալ:
Ռուստամ Բադասյան - ՔԿՀ-ներում բժշկական օգնության բարձր որակի ապահովմանն ուղղված քայլերը կրելու են շարունակական բնույթ՝ պահպանելով ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ թիրախավորելով ռազմավարական նոր ուղղություններ, որոնք միտված են լինելու բանտային բժշկությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելուն։
Բոլոր կալանավայրերում բուժծառայությունն աշխատում է 24/7 ռեժիմով: