10-ամյա ծառայության ընթացքում առաջին անգամ հունվարի 28-ին կապիտան Էդգար Թադևոսյանը տոնական հանդերձանքով ու մեդալներով չէ։ Առավոտյան զորամաս է այցելել, հետո՝ եկեղեցի։ Ուխտ ունի Աստծո և անմահացած ընկերների առաջ։ Ասում է՝ խորհրդանշական այս օրը պետք է վերլուծել տեղի ունեցածը, չվհատվել, չտրվել բարդույթներին, ուղղել սխալները և քայլել առաջ։ Բանակը մայիսյանցի Էդգարի համար ընտանիքին հավասար է։
Այն, որ կապիտան Էդգար Թադևոսյանը պատերազմ էր գնացել, ընտանիքում իմացան պատերազմի ավարտից հետո միայն։ Շիրակցի քչախոս հերոսը սխրանքների մասին պատմել չի սիրում, տանը միայն գիտեն, որ նա թշնամու 17 տանկ է ոչնչացրել։
Մեխակավանում թշնամու տանկերը խոցելիս տան, զավակների, նույնիսկ իր մասին մտածելու ժամանակ չկար, միայն մի միտք կար, որ ոտքերին ուժ էր տալիս. թիկունքում ընտանիքն է, և այն պետք է պաշտպանել։
Պատերազմում մենք չենք պարտվել՝ վստահ է Կապիտան Թադևոսյանը, միայն մի ճակատամարտում տանուլ ենք տվել, իսկ վերջնարդյունքում հաղթելու ենք. հնգամյա դստերը խոստացել է։
Կյանքը միայն վերելք չէ, վերելքներ ու վայրէջքներ են։ Վաղվա վերելքի համար պետք է նախապատրաստվել այսօրվանից։
Հենց հասկացանք տարիների մեր սխալները և գնացինք ուղղելու ճանապարհով՝ այդ օրը կհաղթենք՝ վստահ է Թադևոսյանը:
Պատրաստվելու ենք հաղթական ելքին՝ ասում է Թադևոսյանը՝ հավելելով. «Հանուն ընկածների սուրբ հիշատակի, պետք է կերտել արդար ու ուժեղ Հայաստան, որտեղ բանակը յուրաքանչյուր ընտանիքի զավակն է ու միևնույն ժամանակ՝ վահանը»։