Երկու ամսում սա Ֆրանսիայի պետքարտուղարի արդեն երկրորդ այցն է Երևան: Ժան Բատիստ ԼըՄուանը տեղեկացնում է՝ իր այցը շարունակությունն է Հայաստանի վարչապետի ու Ֆրանսիայի նախագահի պարբերական քննարկումների:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով:
Ժան Բատիստ Լըմուան, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար - Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին:
Բարեկամ երկրների նաև գործակցության օրակարգից. հեռանկարային են տրանսպորտից մինչև ջրամբարների շինարարություն, գյուղատնտեսությունից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտները:
Ֆրանսիան մեզ համար միայն ԵՄ երկիր չէ: Իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ունեցել արցախյան պատերազմի առաջին օրերից, ցույց տվել՝ ով է սանձազերծել պատերազմը, իսկ Թուրքիան վարձու մարդասպաններով խաղաղությանն է խանգարում:
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար - Գերիների անհապաղ ազատ արձակման հիմնահարցին ենք անդրադարձել:
Պատմամշակութային ժառանգությունը ևս Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում է: Ավելի քան 1400 հայկական հուշակոթող, որ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ պաշտպանության կարիք ունի, անհանգստացած է նաև ֆրանսիական կողմը՝ «Լուրերին» տեղեկացնում է Ֆրանսիայի պետքարտուղարը:
Ժան Բատիստ Լըմուան - Oրերս Ադրբեջանում էի և նախագահ Ալիևի հետ հանդիպմանն անձամբ տեղեկացրել եմ, որ մեզ շատ է մտահոգում հայկական մշակութային ժառանգության պահպանումն այդ տարածքներում: Երկկողմ ձևաչափով առաջիկայում հատուկ առաքելություն իրականացնող մասնագետներ կգան՝ ուսումնասիրելու և փաստագրելու հայկական մշակութային ժառանգության նմուշները: Ջանքերի այս մոբիլիզացումը կլինի շարունակական:
Ֆրանսիայի պետքարտուղարը վստահեցնում է՝ լավատեսական հույսերով է վերադառնում Ֆրանսիա, այստեղ հանդիպել է երիտասարդներին և նրանց մեջ տեսնում է վերածնվող ապագան: