Բժշկական համալսարանում այսօր բացվել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի,ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը:
«Հայոց բանակի հիմնադրման օրը մենք հավաքվել ենք բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ո՛չ երիտասարդություն, ո՛չ հեռանկարներ, ո՛չ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները»,- նշել է ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ անմահացած տղաներից շատերը տաղանդավոր էին ոչ միայն բժշկության մեջ, նաև այլ ոլորտներում:
«Տղե՛րք, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք: Համալսարանը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի այդ պարտքի հնարավոր մասն ապահովի ապագա սերունդների համար»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորելով Բանակի ստեղծման օրվա առիթով՝ նշել է, որ արդեն 1 տարի է՝ բժիշկները պատերազմ են մղում երկու ճակատով: «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»,- ասել է նախարարը՝ բանակին մաղթելով մարտական ոգի:
Ինչպես նշել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը, հուշատախտակի վրա գրված տողերն առավել քան պարտավորեցնող են, և առաջարկեց դրանք առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարբեր միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստի հիշատակ բոլոր զոհված տղաների:
Այս միջոցառմանը դժվար էր մասնակցել առանց հուզմունքի և արցունքների: Մերօրյա հերոսներին նվիրված փոքրիկ տեսանյութից հետո ելույթներով հանդես են եկել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսները: Սիրտ առ սիրտ, անուն առ անուն համալսարանականները խոստացել են հիշել սովորողներին ու վառ պահել նրանց հիշատակը:
«Արիության համար» մեդալի արժանացած ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ ռազմաբժշկական ծառայությունն այս պատերազմում անդառնալի կորուստներ ունեցավ:
«Դա չի խոսում այն մասին, որ մենք թերացանք կամ պատրաստ չէինք մեր առջև դրված խնդիրներին: Հիվանդանոցներ, ծննդատուն և շտապօգնության մեքենաններ թիրախավորող ու շտապօգնության մեքենաներով դիվերսիոն գործողություններ իրականացնող թշնամու գործողությունները դեմ էին բոլոր մարդասիրական կանոններին», -ընդգծեց պատերազմի մասնակիցը՝ ավելացնելով, որ թիկունքում լսել ընկերոջ զոհվելու մասին լուրը՝ հավասարազոր է զոհվելուն: «Ինձ համար պատերազմի ընթացքում ամենածանր օրը ընկերոջս թաղման օրն էր: Մենք պարտք մնացինք նրանց»,- նշել է Նիկոլայ Գրիգորյանը՝ շեշտելով, որ սեփական երկրի համար զոհվելը կարևոր է, սակայն առավել կարևոր է ապրել՝ հերոս տղաների անունները մեր մտքում դաջելով ու հաշվետու լինելով մեր խղճի առաջ:
Նշենք, որ պատերազմի հետևանքով զոհվեցին նաև շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ. նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի: Ամփոփելով միջոցառումը՝ Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ոչ միայն այսօր, այլև բազմաթիվ այլ միջոցառումների, շարունակական ծրագրերի միջոցով 100-ամյա բժշկական կադրերի դարբնոցի պատերի ներսում վառ է պահվելու մարտի դաշտում ընկած հերոսների հիշատակը: