Եռաբլուրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է լրագրողի այն պնդմանը, թե իբր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է՝ Շուշին հայկական չէ:
Հիշեցնենք, որ վարչապետը խոսել է ոչ թե Շուշիի հայկական լինել-չլինելու, այլ փախստականների վերադարձի դեպքում Շուշիի փաստացի վերահսկողության մասին:
Ազգային ժողովում հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից ու ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն՝ դուք ուզում եք ասե՞լ, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա ինչո՞ւ եք հայտարարել՝ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք պաշտոնական»:
«Որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: Թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ, թղթի վրա, որ ես հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասել է ՀՀ վարչապետը: