ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ:
«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը։ Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։
Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն Հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար։
Հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ,
մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից։
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում։