Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարին։ Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ստեղծված հայոց բանակին դժվար փորձություն է բաժին հասել հիմա։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր երկրի նվիրյալներին միավորեց և թշնամու դեմ պայքարի հանեց հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգին: Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց հայրենիքը կյանքի գնով պահելու և պարտադրված դժվարությունները հաղթահարելու հզոր կամքը։ Ցավոք, կորուստներն անդառնալի են։
Այսօր, ավելի քան երբևէ, մենք պարտական ենք հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորներին, նրանց սնող ու հերոս մեծացնող մայրերին և յուրաքանչյուր օր պետք է գլուխ խոնարհենք հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակի առջև։
Հավերժ փառք մեր Հերոսներին:
Սիրելինե՛րս, մաղթում եմ խաղաղ ու անվտանգ երկինք հայոց աշխարհին, հային վայել անկոտրում կամք ու արժանապատվություն՝ հայ մարտիկին»։