Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները: Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց պետականության ու բանակի կայացման ուղղությամբ, սակայն սխալներն ու բացթողումները վճռական ծավալների էին, որոնք ևս հանգեցրել են այս իրավիճակին:
Հիմա, եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի, փոխարենը խելացի, քրտնաջան ու երկարատև աշխատանք է պետք՝ հիմնված մշտական ինքնավերլուծության, միջավայրային ռիսկերի պատշաճ գնահատման ու կառավարման համակարգերի արդյունավետության կտրուկ բարձրացման վրա:
Եթե հաջողենք այդ հարցում, կարժանանանք պատմության բարյացակամ վերաբերմունքին, եթե՝ ոչ, ապա հաստատ կգտնենք բազում պատճառներ հայի բախտից բողոքելու համար:
Շնորհավոր ու շնորհակալություն բոլորին, ովքեր փոքր-ինչ ներդրում ունեն Հայրենիքի պաշտպանության ու Հայոց բանակի կայացման գործում, իսկ նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու»,- գրել է Բեգլարյանը: