«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հայ քաջորդիների հիշատակին:
Արամ Սարգսյանի խոսքով՝ ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց որդիները հերոսներ են, որ իրենց որդիները հայրենիք են պաշտպանել անհավասար պատերազմում:
«Մենք այստեղ կանգնած ենք, պարտք ունենք իրենց առաջ: Այդ պարտքը պիտի ազգովի կարողանանք իրենց տալ: Շնորհավորում եմ մեր բանակին, մեր բանակը կա, մեր բանակը ոտքի է կանգնելու, մեր բանակը հզորանալու է:
Մենք պիտի միշտ գիտակցենք, որ կռիվներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Կունենանք հզոր պետություն՝ կունենանք հզոր բանակ, չենք ունենա հզոր պետություն, աղքատ պետությունը չի կարող հզոր բանակ ունենալ: Այս պատերազմն այն տարիների պատերազմը չի, որ խիզախության վրա է, որում չես տեսնում անգամ թշնամուդ, որում կռվում է միտքը, գիտելիքը, հեռահար զենքը»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանին պետք է առավելագույն համախմբում: «Պետք է առավելագույն հետևություններ անել, ոտքի կանգնել, ոչ թե իրար դավաճան անվանել, իրար գզել: Էդ դիրքերում էլի տղերք են կանգնած, մեր տղերքն են, ովքեր արդեն երրորդ պատերազմին են մասնակցել: Մենք էստեղ ինչ ենք անում»,- նշեց նա: