Այս դարպասից այն կողմ ամենացուրտ՝ սառած ձմեռն է: Ներսում՝ տան չորս պատերի մեջ կանգնած ժամանակը՝ 5.15: Արցախի հողոտ ու վիրավոր ռադիոկապը Արցախի հերոսի հոր ձեռքում է:
Վանիկ Ղազարյան, Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի հայրը - Մարտը վարել է սրանով, մինչև վերջին վայրկյանը: Վերջին մարտն ու հրամանն այս հեռախոսով է արել:
Գումարտակի հրամանատար Դավիթ Ղազարյանի վերջին մարտը սեպտեմբերի 30-ին էր՝ Հադրութի պաշտպանության դիրքերում: Թշնամու գնդակն արդեն հասել էր Դավիթին, երբ կասեցնում էր գրոհն ու փրկում իր զինվորներին:
Վանիկ Ղազարյան - Արյուն եք տեսել, տղերք, մի վախեցեք, գնացեք կռվի, ինչ եք կանգնել:
Հրամանատարի խոսքերը կրկնելով՝ զինվորները մինչև Շուշի են հասել: Դավիթը երբեք չի խոսել. զինվորներն ու մարտական ընկերն են ծնողներին պատմել հերոս հրամանատարի խիզախության, անձնազոհության մասին: Մայրը Արցախի հերոս է ծնել:
Անիկ Ղազարյան, Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի մայրը - Ինքն իր կյանքով հատուցեց, որ իր երեխաներն անհոգ մեծանան, ուրախ, երևի երեխեքով սփոփվենք:
Ծառայության մասին ոչ մի խոսք, ռազմական գաղտիք է: Հերոս ամուսնու խոսքերն ամեն օր հիշում է երիտասարդ կինը:
Հռիփսիմե Մայիլյան, Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի կինը - Ամուսնացել եմ, երկու ամիս հետո տեղափոխվել եմ Հադրութ:
Պատերազմի կիրակին էլ Արցախում միասին էին, երեխաների հետ: Հադրութի ուղղությամբ ամեն հրետակոծությունից հետո ամուսնու զանգն էր՝ հո չե՞ք վախեցել:
Հռիփսիմե Մայիլյան - Ասում էի՝ չէ,ասում էր՝ դե չվախենաք, ամեն ինչ լավ է լինելու. շուտով կհասնի:
Հասավ, բայց ոչ իր զավակներին, էլի իրենն են, զինվորներին միացավ ու ճակատ առաջնորդեց: Դա երիտասարդ ամուսինների վերջին կիրակնօրյա հանդիպումն էր, որը դարձավ հավերժություն:
Հռիփսիմե Մայիլյան - Ամեն անգամ տանից դուրս գալուց երեխաներին, ինձ համբուրում էր, այդ անգամ չհամբուրեց, շտապում էր:
Ամուսնու ամեն շարժումը, ապրելու բանաձևը մտքում Հռիփսիմեն ամեն օր հրամանատարի սիրած ապուրն է պատրաստում: Տանը Դավիթի սիրած օդն ու օջախի հոտն է պահպանում:
Հռիփսիմե Մայիլյան - Սիրում էր ջրիկ ճաշեր, եթե հանկարծ տանը մի լավ բան էր լինում, անպայման ընկերներին էր կանչում, մանավանդ նրանց, որ առանց ընտանիքի էին Հադրութում ապրում:
Ծառայակից մարտական ընկերներից մեկը նկարահանման պահին է ներս մտնում՝ ձեռքին Հայ զինվորը՝ Արցախի հերոս Դավիթի մասին հոդվածով:
Ալբերտ Անտանոսյան, Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի ծառայակից ընկերը - Այստեղ նաև իմ հերոս ընկերոջ մասին պատմությունն է: Որպես մարտական ընկեր, միշտ պատրաստ էր իր ծառայողական պարտականությունները կատարելուն: Նա հոգով էր զինվորական:
Կյանքն ու հոգին հայրենիքին նվիրած հրամանատարին՝ Արցախի բարձրագույն պարգևն է. Վեդիի արծիվը ոսկե արծիվ շքանշանով՝ Արցախի հերոս կոչումով է պարգևատրվում:
Ոսկե արծիվը հայրական տանն է: Կիսատ գործի շարունակողը՝ որդին ու հայրը: Հոր սուրը պատյան չեն դնի, Վանը հասակ է առնում: