Ձյունոտ ճանապարհը հերոսների բարձունք է ուղեկցում: Սառը, դառը լռություն է, որ պետական օրհներգն է ընդհատում:
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի անմահների շարքը նոր՝ «Արցախի հերոս» կոչումով է համալրվում: Վեդիի արծիվը հետմահու ոսկե արծիվ շքանշանով է պարգևատրվում:
Արցախի պետական բարձրագույն պարգևը Դավիթ Ղազարյանի հայրն ու որդին են ստանում Արցախի նախագահից: Անհավասար մարտում, մարտի ամենաթեժ կետում, գումարտակի հրամանատարը հերոսաբար է ընկել, կանխել թշնամու հարձակումը, փրկել նորակոչիկների կյանքեր:
Կյանքը հայրենիքին նվիրած հերոսի կողքին ապրող հերոսն է՝ Արցախի հյուսիսում տասնյակ տանկեր խոցած Էդգար Մարկոսյանը, պարգևը՝ «Արցախի ոսկե Արծիվը»:
Վեդին այսօրվանից հերոսի քաղաք է: Քաղաքի սրտում փոխգնդապետ Ղազարյանն է ու նրա պատգամը. «կռվել՝ ոչ մի քայլ հետ» կոչով: